Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն այսօր ասել է, որ «Պակիստանի կողմից Հայաստանը «ՄԱԿ-ում ճանաչելու» խնդիր օրակարգում չկա»:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական ՏԱՍՍ գործակալության հրապարակմանը, թե «Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կանաչ լույս կստանա»։
«Անտեղյակ աղբյուրներին տեղեկացնում ենք, որ Հայաստանի եւ Պակիստանի միջեւ արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ: Համապատասխանաբար, «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում, բնականաբար, չկա:
Մեր կողմից հաղորդակցությամբ արդեն տեղեկացրել ենք, որ երկու երկրները, զարգացնելով երկկողմ համագործակցություն, կքննարկեն նաեւ բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, դա լինի ՇՀԿ, թե ԵԱՏՄ կամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կառույց»,- «Արմենպրես»-ին ասել է Անի Բադալյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: