Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն այսօր հատվածներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ օգոստոսի 21-ին Քելբաջարում ունեցած ելույթից:
Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը (ենթավերնագրերը մերն են՝ Մեդիամաքս):
«Մենք հասել ենք մեր ուզածին»
«Մեզ համար 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը նույնքան փառավոր եւ պատմական օրեր են, որքան նոյեմբերի 8-ը։ Այդ օրվանից ի վեր ադրբեջանական ժողովուրդը ապրում է խաղաղության մեջ եւ, համոզված եմ, շարունակելու է ապրել խաղաղության պայմաններում։ Դուք գիտեք, որ Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացը գրեթե ավարտված է, եւ ստորագրված փաստաթղթերը լիովին համապատասխանում են մեր շահերին։ Մենք հասել ենք մեր ուզածին, արգահատելի Մինսկի խումբը ապրում է իր վերջին օրերը։ Իրականում այն ոչինչ չէր արել եւ չէր էլ կարող անել։ Սակայն այն իրավաբանական առումով գոյություն ուներ, իսկ այժմ դրա վերջը հստակ տեսանելի է»։
«Մենք չպետք է մոլորվենք քաղցր խոսքերով»
«Մենք չենք ուզում պատերազմ։ Մենք ուզում ենք խաղաղություն։ Բայց այդ արյունալի պատմությունը երբեք չպետք է մոռացվի։ Մենք չպետք է մոլորվենք քաղցր խոսքերով եւ միշտ պետք է զգոն լինենք։ Իհարկե, մեր Զինված ուժերը ամեն վայրկյան, ամեն օր պաշտպանում են մեր պետության շահերն ու անվտանգությունը։ Մենք հետեւում ենք, տեսնում ենք եւ կբացահայտենք հնարավոր բոլոր վտանգների աղբյուրները։ Մենք շարունակում ենք հզորացնել մեր ռազմական ներուժը։
Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո մենք հազարներով ավելացրել ենք մեր հատուկ նշանակության ուժերի թիվը թե՛ Կասպից ծովում, թե՛ մյուս բոլոր զինված ուժերում: Չեմ ցանկանում նշել հստակ թիվը, բայց այն մեծ է»։
«Մենք երբեք չպետք է մոռանանք մեր անցյալը եւ միշտ զգոն լինենք»
«Նույնիսկ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո նրանք միջնորդների միջոցով ժամանակ էին խնդրում մեզանից՝ իրենց իրերը հավաքելու համար։ Եվ մենք իսկապես ժամանակ տրամադրեցինք։ Իսկ ի՞նչ արեցին նրանք։ Նրանք ծառերը կտրեցին։ Ինչպե՞ս կարող է մարդ նման բան անել։ Չէ՞ որ դա արեցին ոչ միայն սեպարատիստների ղեկավարները։ Նրանք դա արեցին զանգվածաբար։ Այսինքն՝ մենք պետք է հստակ գիտակցենք, թե ում դեմ ենք կանգնած եւ ով է մեր հարեւանը։ Մենք երբեք չպետք է մոռանանք մեր անցյալը եւ միշտ զգոն լինենք։
Վստահ եմ, որ բոլոր այս գործոնները մեզ հնարավորություն կտան մշտապես լինել առավելության դիրքում։ Կրկին ասում եմ՝ մենք սա հայտարարում ենք որպես հաղթանակած ժողովուրդ։ Մենք չենք մոռանալու այդ չարությունն ու վայրագությունը։ Բայց մենք մտադիր չենք այլեւս պատերազմել որեւէ մեկի հետ։ Եթե բախվենք սպառնալիքի, ապա բոլորը կրկին կտեսնեն մեր երկաթե բռունցքը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: