Լիպարիտյանի կարծիքով՝ Փաշինյանն ու Ալիեւը «ազատ քննարկում» կունենան - Mediamax.am

1414 դիտում

Լիպարիտյանի կարծիքով՝ Փաշինյանն ու Ալիեւը «ազատ քննարկում» կունենան


Լուսանկարը` Berge Arabian/Agos


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Աբու Դաբիում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները կքննարկեն հաղորդակցությունների բացումը, սահմանազատումը եւ այլ հարցեր, որոնք չկարգավորված են մնում:

Այդ մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է պատմաբան, Հայաստանի առաջին նախագահի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: BBC-ն նշում է, որ «Հայաստանի կառավարությունը լսում է նրա կարծիքը»:

 

«Կարծում եմ, որ օրակարգում կլինեն բոլոր հարցերը: Դա կլինի ազատ քննարկում, որն ավելի կարեւոր է, քան մեկ հարցի վրա կենտրոնանալը», - ասել է Լիպարիտյանը:

 

Մեկնաբանելով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջները, նա նշել է.

 

«Վստահ եմ, որ սահմանադրության հարցը կարող է լուծվել ինչ-որ միջանկյալ համաձայնագրով: Սահմանադրության փոփոխությունը միակ տարբերակը չէ, եւ վստահ եմ, որ Բաքվում գիտակցում են, թե որքան բարդ գործընթաց է դա»:

 

Լիպարիտյանի խոսքերով՝ Աբու Դաբիի հանդիպումը առաջին հերթին ազդանշան է, որ անորոշության եւ մի քանի զուգահեռ գլոբալ հակամարտությունների պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները կապ են պահպանում եւ հաղորդակցում են ուղղակիորեն՝ առանց միջնորդների:

 

«Անկանխատեսելիությունը, թերեւս, ժամանակակից միջազգային հարաբերությունների գլխավոր առանձնահատկությունն է: Թեեւ ոմանք կարծում են, որ անկանխատեսելիությունը եւ քաոսը կարող են ստեղծագործ լինել, մեր տարածաշրջանում քաոսը շատ երկար է տիրել, եւ դա ոչ մի լավ բան մեզ չի բերել», - նշել է Ժիրայր Լիպարիտյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին