Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Գաջիզադեն մեղադրել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուն «փաստերի աղավաղման» համար:
Գաջիզադեն հանդես է եկել մեկնաբանությամբ Մեդինսկու՝ Russia Today հեռուստաալիքին հունիսի 9-ին տված հարցազրույցից հետո:
«Զարմանալի է, բայց՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական, ինչպես նաեւ Ռուսաստանի պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ հանդիսանալով, Մեդինսկին չգիտի, որ Ղարաբաղը երբեք վիճարկվող տարածք չի եղել: Կցանկանայինք հիշեցնել, որ Ղարաբաղը Ադրբեջանի հնագույն եւ անբաժանելի մասն է: Ռուսաստանը ճանաչել է եւ շարունակում է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս: Մինսկի խմբի համանախագահ պետության նախագահի օգնականը կամ չի գիտակցում, կամ չի ցանկանում գիտակցել իր պետության դիրքորոշումը այս հարցի շուրջ:
Ցավոք, Ռուսաստանի նախագահի օգնականը համեմատում է ռուս-ուկրաինական պատերազմը Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ: Նման համեմատությունը անտեղի է, քանի որ Ադրբեջանը երբեք չի խախտել որեւէ երկրի տարածքային ամբողջականությունը եւ ագրեսիվ պատերազմ չի վարել որեւէ պետության դեմ: 2020 եւ 2023 թվականներին Ադրբեջանը իրականացրել է Հայրենական պատերազմ եւ ահաբեկչության դեմ միջոցառումներ իր ինքնիշխան եւ միջազգայնորեն ճանաչված տարածքներում: 44-օրյա Հայրենական պատերազմը եւ 2023 թվականի հակաահաբեկչական միջոցառումները, որոնք տեւել են մեկ օրից պակաս, հանգեցրեցին Ադրբեջանի ամբողջական հաղթանակին եւ Հայաստանի պարտությանը՝ վերջ դնելով հայկական օկուպացիային միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համաձայն:
Առաջարկում ենք Մեդինսկուն զերծ մնալ միջպետական հարաբերություններին վնաս հասցնելուց նման սխալ հայտարարություններով՝ իր լիազորությունների շրջանակից դուրս գտնվող հարցերի շուրջ», - ասվում է Գաջիզադեի մեկնաբանության մեջ, որը հրապարակել է ԱԶԵՐՏԱՋ գործակալությունը:
Վլադիմիր Մեդինսկին հունիսի 9-ին RT-ի «Սանչեսի էֆեկտ» հաղորդման մեջ, մասնավորապես, ասել էր.
«Եթե կանգնեցնենք հակամարտությունը ռազմաճակատի գծով եւ չկարողանանք համաձայնություն գալ իրական խաղաղության մասին, պարզապես ինչ-որ զինադադար կնքենք, ապա դա կլինի... Գիտե՞ք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդպիսի վիճարկվող տարածք կար՝ Ղարաբաղը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: