Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն:
Այդ մասին Մեդիամաքսին հայտնել են մի քանի լավատեղյակ աղբյուրներ:
Մեդիամաքսին առայժմ չի հաջողվել կապ հաստատել ԱԳՆ մամուլի քարտուղարի հետ՝ Զոհրաբ Մնացականյանի նշանակման փաստի պաշտոնական հաստատման համար:
Մեդիամաքսը նշում է, որ ապրիլի 18-ին Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունենալու
Հայաստանի ամերիկյան համալսարանի Թուրփանջյան հասարակական գիտությունների ինստիտուտի կազմակերպած "The South Caucasus Along Fault Lines: Regional and International Perspectives” (Հարավային Կովկասը խզումային խախտումների ներքո՝ տարածաշրջանային եւ միջազգային հեռանկարներ) կոնֆերանսում:
Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 13-ից մինչեւ 2020 թ. նոյեմբերի 16-ը:
2020թ. նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել: Նույն օրը ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ Զոհրաբ Մնացականյանն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել։
2020թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր, որ «այսօրվա իրավիճակն առավել ընդգծում է այն պարզ ճշմարտությունը, որ Արցախը ապագա չունի Ադրբեջանի կազմում»:
«Արցախն առանց հայերի չի լինելու։ Սա առավել ընդգծված է այսօր։ Չեմ կարծում, որ կա հայ, որը կարող է համակերպվել այն մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակիցները կարող են վտանգի ենթարկվել։ Մեր ամբողջ համազգային ռեսուրսն ուղղված է այդ վտանգի դեմ», - Ազգային Ժողովում ասել էր նախարարը:
ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը 2024 թվականին նշել էր հիմնադրման 15-ամյակը: Հիմնադրման պահից այն ղեկավարել էր Վահե Գաբրիելյանը:
Դպրոցի պաշտոնական կայքում նոր տնօրենի մասին հրապարակում չկա: Որպես կայքի հիմնական լուսանկար տեղադրված է դպրոցի ուսանողների եւ տնօրենի լուսանկարը Ստեփանակերտում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի եւ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:
Բակո Սահակյանն ու Դավիթ Բաբայանը ներկայում գտնվում են Բաքվի բանտում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: