15 տարի առաջ՝ 2009 թ. սեպտեմբերի 23-ին, ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց Հայաստանի դիվանագիտական դպրոցը, որի առաքելությունը դարձավ դիվանագիտական լավագույն կադրերի պատրաստումը՝ հանուն հայկական պետականության:
Դպրոցի անցած ճանապարհի, ձեռքբերումների ու հետագա անելիքների մասին Մեդիամաքսը զրուցել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի, դպրոցի դասախոսների եւ շրջանավարտների հետ:
Հայաստանի շահի լավագույն պաշտպանությունը՝ որպես նպատակ
Դիվանագիտական դպրոցի առջեւ դրված նպատակները սահմանված են 2009թ. սեպտեմբերի 23-ի ՀՀ կառավարության 1111 որոշմամբ եւ դպրոցի կանոնադրությամբ, այն է՝ դիվանագիտական կադրերի պատրաստում, գործող դիվանագետների, ինչպես նաեւ այլ գերատեսչությունների աշխատակիցների վերապատրաստում, միջազգային գիտակրթական համագործակցություններ եւ տարբեր ուսումնական ծրագրեր:
«Սահմանվածին զուգահեռ, մեր առջեւ նպատակ ենք դրել նաեւ խրախուսելու մեր ունկնդիրներին մտածել, վերլուծել եւ հասկանալ Հայաստանի Հանրապետության շահերը, աշխարհում տիրող իրավիճակը եւ Դիվանագիտական դպրոցում ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների շնորհիվ լավագույնս պաշտպանել մեր երկրի շահերը»,- ասում է Վահե Գաբրիելյանը:
Դպրոցում դասավանդում են միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտական կրթության ոլորտում մեծ հեղինակություն վայելող փորձառու մասնագետներ՝ հրավիրված աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանի բարձրաստիճան դիվանագետներ, այլ պաշտոնյաներ եւ փորձագետներ:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Օրինակ՝ «Դիվանագիտություն» առարկան դասավանդում է Օքսֆորդի համալսարանի դիվանագիտության ծրագրի ղեկավարը, «Հանրային դիվանագիտություն» առարկան՝ նույն համալսարանի Էլեկտրոնային դիվանագիտության հետազոտական խմբի ղեկավարը և այլն: Մեր ունկնդիրների համար առանցքային են նաեւ կանոնավոր շփումները այլ երկրների դեսպանների, արտաքին գործերի նախարարների եւ այլ պաշտոնյաների հետ»,- մանրամասնում է նա:
Բացի հիշատակվածից, Դիվանագիտական դպրոցը Արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ համատեղ կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ նաեւ լրագրողների, հյուպատոսների, տեղական կառավարման մարմինների եւ մարզպետարանների, գերատեսչությունների՝ արարողակարգի համար պատասխանատու աշխատակիցների համար: Միջազգային համագործակցության տեսակետից հատկապես կարևոր են վերջին տարիներին ներդրված և այս տարի ընդլայնված երկշաբաթյա դիվանագիտական-ճանաչողական դասընթացները` արտերկրի երիտասարդ դիվանագետների համար:
Լուսանկարը` Հայաստանի դիվանագիտական դպրոց
«Մեր այս ծրագրերին արդեն իսկ մասնակցել են կրտսեր դիվանագետներ Հեռավոր Արեւելքի, Մերձավոր Արեւելքի, Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի տասնհինգ երկրներից: Դասերի ընթացքում ներկայացնում ենք Հայաստանի եւ մեր տարածաշրջանի իրողությունները, մարտահրավերները եւ հեռանկարները, դրանց շուրջ Հայաստանի տեսակետները, ինչպես նաեւ բացատրում ՀՀ արտաքին քաղաքականությունը, ծանոթացնում մեր պատմությանն ու մշակույթին»,-մանրամասնում է Վահե Գաբրիելյանը:
Կրթության առանձնահատկությունները
Վահե Գաբրիելյանն ընդգծում է, որ Դիվանագիտական դպրոցի կրթությունը միանգամայն տարբերվում է կրթական այլ հաստատություններից թե´ բովանդակությամբ, թե´ կազմակերպման ձեւով: Այս հարցում առանձնահատուկ դեր ունի ԱԳՆ-ի հետ սերտ համագործակցությունը:
«Մեզ մոտ գալիս են սովորելու ոչ միայն ԱԳՆ ընդունվելու նպատակով, այլեւ հենց կրթության որակի համար: Ուսուցանում ենք ոչ միայն տեսական առարկաներ, այլեւ գործնական հմտություններ եւ դրանք մեր դասացուցակում հավասարակշռում ենք այնպես, որ մեր շրջանավարտները անմիջապես պատրաստ լինեն ներգրավվելու իրական աշխատանքային միջավայր»,- մանրամասնում է Դիվանագիտական դպրոցի տնօրենը:
Լուսանկարը` Հայաստանի դիվանագիտական դպրոց
«Ուսումնառության գործընթացի թվարկած բաղադրիչները, նաև ուսումնական այցերը, պրակտիկան, գործող բարձրաստիճան օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպումները և այլն, Դիվանագիտական դպրոցը դարձնում են Հայաստանում եզակի կրթական հաստատություն»,-ասում է նա:
Դպրոցում կրթությունը միանգամայն անվճար է, սակայն պահանջում է մեծ ջանք եւ ինտենսիվ աշխատանք. գրեթե ամեն շաբաթ քննություններ են:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արեւելագետ եւ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, որը շուրջ 8 տարի է դասախոսություններ է կարդում Դիվանագիտական դպրոցում, ընդգծում է, որ կրթական ծրագիրն այլ ուսումնական հաստատությունների ծրագրերի համեմատ ավելի հագեցած է և խոր:
«Ինձ համար եւս դպրոցում դասավանդելը շատ հետաքրքիր է, որովհետեւ տեսնում եմ ունկնդիրների ակտիվ ներգրավվածություն եւ Թուրքիան որպես երեւույթ խորությամբ հասկանալու ձգտում: Ի դեպ, այս միտումը սերնդեսերունդ աճում է»,-մանրամասնում է Ռուբեն Սաֆրաստյանը:
Լուսանկարը` Հայաստանի դիվանագիտական դպրոց
Նա ընդգծում է, որ Դիվանագիտական դպրոցի դերն առանցքային է ոչ միայն որպես ուսումնական հաստատություն, այլեւ մեծ իմաստով հայ դիվանագիտության դպրոց ձեւավորելու առումով:
«Հույս ունեմ, որ այս նոր սերունդն առաջ կմղի հայկական դիվանագիտությունը՝ մեր երկիրը տարածաշրջանում դարձնելով կարեւոր գործոն»,- հավելում է ակադեմիկոսը:
Դիվանագետի հիմնական որակները
Չեխիայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Պետր Կրատոխվիլը, որը արդեն տասը տարի է դասավանդում է Դիվանագիտական դպրոցում, ընդգծում է, որ դիվանագիտական կամ քաղաքագիտական ոլորտի մասնագիտացում չունեցող ունկնդիրներն առաջադիմությամբ չեն զիջում արդեն որոշակի փորձ ունեցողներին:
«Օրինակ, այս տարվա խմբում ուսանողներից մեկը ֆիզիկոս է առաջին մասնագիտացմամբ, եւ նրա առաջադրած տեսակետներն օգնում են ավելի լայն հայացքով նայել իրողություններին: Առհասարակ, դիվանագետի համար լայնախոհությունն առանցքային որակ է: Մի կողմից կարեւոր է իմանալ կանոններն ու հաշվի նստել դրանց հետ, բայց միեւնույն ժամանակ հասկանալ, որ կանոնները կարող են փոխվել եւ պատրաստ լինել գործելու այդ փոփոխության պայմաններում»,- ասում է Պետր Կրատոխվիլը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Տարբեր տեսանկյուններից երևույթներին նայելու կարողությունը զարգացնելու հարցում ունկնդիրներին օգնում է այն հանգամանքը, որ դասախոսները ոչ միայն բազմամյա փորձ ունեն, այլ նաև այլազան մասնագիտական ավանդույթների կրողներ են:
Դիվանագետի հաջողված կարիերայի գրավականը
Դիվանագիտական դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտող մասնագետների մեծ մասն աշխատանքի է անցում ՀՀ ԱԳՆ համակարգում: Տարիներ առաջ որպես կրտսեր դիվանագետ կարիերան սկսած շրջանավարտներն այսօր արդեն առաջին քարտուղարներ են ինչպես ԱԳՆ վարչություններում, այնպես էլ տարբեր երկրներում Հայաստանի դեսպանություններում:
Անդրանիկ Գրիգորյանը, որը ներկայում ԱԳՆ բազմակողմ քաղաքականության վարչության առաջին քարտուղար է, դիվանագիտական դպրոցի երկրորդ տարվա շրջանավարտներից է: Ուսումն ավարտելուց հետո նա աշխատել է ԱԳՆ համակարգի միջազգային անվտանգության, հանրային կապերի ոլորտներում, ինչպես նաեւ արտերկրում ՀՀ ներկայացուցչություններում:
«Դիվանագիտական դպրոցի կրթությունն ավելի մոտ է միջազգային չափանիշներին եւ միանգամայն հարմարեցված է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններին ու կարիքներին: Դիվանագետի համար մեծ առավելություն է նաեւ այն մասնագիտական կապերի շրջանակը, որը տալիս է դպրոցը»,- ասում է Անդրանիկ Գրիգորյանը:
Լուսանկարը` Անդրանիկ Գրիգորյանը
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, որը թեեւ Դիվանագիտական դպրոցն ավարտել է շուրջ տասը տարի առաջ, այսօր էլ ընդգծում է ստացած կրթության դերն իր ամենօրյա աշխատանքում:
«Կրթական ծրագիրը համակողմանի է եւ գերհագեցած: Բացի նրանից, որ ընդունվելու համար պետք է մեծ մրցակցություն հաղթահարել, սովորելու ընթացքում առաջադիմությունը եւս կարեւոր է: Դասընթացն ընդգրկում է ոլորտի համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները՝ միջազգային հարաբերությունների սկզբունքներ, միջազգային իրավունք, անվտանգային եւ էներգետիկ քաղաքականություն, ընդհուպ մինչեւ բանակցային եւ հաղորդակցության հմտություններ»,- մանրամասնում է Վարդուհի Սահակյանը:
Նա ընդգծում է, որ դասընթացի շրջանակում միջազգային կազմակերպություններ ուսումնական այցերն ու ԱԳՆ-ում երկամսյա պրակտիկայի հնարավորությունն օգնում են ամրապնդել տեսական գիտելիքներն ու ձեռք բերել բազմակողմանի փորձ:
«Ձեռք բերված թե´ տեսական եւ թե´ գործնական հմտությունները շատ կարեւոր սկիզբ ապահովեցին ինձ համար՝ որպես կրտսեր դիվանագետի, բայց միեւնույն ժամանակ դարձան նաեւ հիմնարար գիտելիքներ, որոնք օգտակար են ամբողջ կարիերայի ընթացքում»,- ընդգծում է Վարդուհի Սահակյանը:
Ճապոնիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Դավիթ Սահակյանի խոսքով՝ դիվանագիտության ոլորտ մուտք է գործել Դիվանագիտական դպրոցի շնորհիվ:
«Երկրին ինչ-որ բանով օգնելու ցանկությունս մեծ էր, և եկա այն եզրահանգման, որ մեր պետության առջև ծառացած բազում խնդիրներին դիմագրավելու գործում ամենաարժեքավորն, ինչ կարող եմ տրամադրել հայրենիքիս, Կիպրոսի «Մելգոնեան կրթական հաստատությունում» և Եվրոպայում ստածացս գիտելիքներն են: Եվ ընդունվեցի Դիվանագիտական դպրոց ու ի զարմանս ինձ՝ ուսման որակը բավականաչափ բարձր էր՝ եվրոպական բարձրակարգ համալսարաններին չզիջող»,- ասում է Դավիթ Սահակյանը:
Լուսանկարը` Հայաստանի դիվանագիտական դպրոց
Շրջանավարտները փաստում են, որ անկախ նրանից, թե ունկնդիրները հետո կցանկանան աշխատել դիվանագիտական համակարգում, թե կորոշեն այլ ոլորտ գնալ, Դիվանագիտական դպրոցի համակողմանի կրթությունը կօգնի մրցունակ լինել ցանկացած բնագավառում:
15 տարիների լավագույն ձեռքբերումները
Դպրոցի ձեռքբերումների մասին համառոտ խոսելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ հիշատակման արժանի հաջողությունները շատ են: Վահե Գաբրիելյանի համար ամենակարևոր ձեռքբերումներից է դպրոցի կայացումը որպես գործուն ինստիտուցիոնալ մեխանիզմներ, լավ համբավ ունեցող, ավանդույթներ ձևավորած եւ արդյունավետ ու նվիրված անձնակազմ ունեցող հաստատություն:
«Առանցքային ձեռքբերում է նաեւ մեր ունեցած ներդրումը Հայաստանի դիվանագիտական ծառայության մեջ: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում մեր շրջանավարտները կրում են ամենօրյա աշխատանքի ծանրության մեծ մասը եւ հետզհետե ավելի ու ավելի բարձր ու պատասխանատու դիրքեր են զբաղեցնում: Մոտ ապագայում ակնկալում ենք մեր շրջանավարտների շարքերից առաջին դեսպանների նշանակումը: Այս ամենի համար առանց ձեռքներս ծալելու աշխատել ենք արդեն տասնհինգ տարի»,- նշում է Դիվանագիտական դպրոցի տնօրենը:
Լուսանկարը` Հայաստանի դիվանագիտական դպրոց
Պակաս ուրախացնող չէ նաեւ այն հանգամանքը, որ այլ գերատեսչություններում եւս Դիվանագիտական դպրոցի շրջանավարտները խիստ պահանջված են, ինչպեսև այն, որ հաջողությամբ աշխատում են նաև մեր երկրի կյանքի այլ ոլորտներում:
Դպրոցի գործունեության սկզբնական շրջանում այն մեծ օժանդակություն էր ստանում միջազգային գործընկերներից:
«Հատկապես առանց Եվրոպական միության շարունակական եւ շոշափելի խորհրդատվական եւ նյութական օժանդակության մեր այսօրվա ձեռքբերումները հնարավոր չէին լինի: Ուրախ եմ նաեւ, որ արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ կառավարությունը ոչ միայն ամբողջովին ստանձնել է Դիվանագիտական դպրոցի բոլոր ծրագրերի ֆինանսավորումը, այլեւ մեզ հնարավորություն է տվել պետական բյուջեի միջոցներով ընդլայնելու մեր ծրագրերը»,- նշում է Վահե Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ դա վկայում է հաստատության հանդեպ բարձր վստահության մասին:
Լուսանկարը` Հայաստանի դիվանագիտական դպրոց
Դիվանագիտական դպրոցն ակտիվորեն ներգրավված է ոլորտը միավորող Դիվանագիտական կրթության միջազգային ֆորումում, որը դիվանագիտական ակադեմիաների ղեկավարների ոչ պաշտոնական տարեկան հանդիպումների ձեւաչափ է: Համագործակցում են նաեւ աշխարհում դիվանագիտական կրթության տարբեր հաստատությունների հետ, որոնց հետ ակտիվ աշխատանքում նպատակ ունեն շարունակաբար բարձրացնելու Հայաստանի հեղինակությունը, իսկ համագործակցությունն արտերկրի անհատ դասախոսների և փորձագետների հետ ամենօրյա է:
«Կյանքը կանգ չի առնում, բնականաբար չեն պակասում նաեւ մեր երկրի առջեւ, հետեւաբար նաեւ մեր արտաքին քաղաքականության ու մեր դիվանագիտության առջեւ ծառացած խնդիրները: Ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար անհրաժեշտ են մեր դիվանագետներին, այլ պաշտոնյաներին, հասարակությանը պատրաստելու նոր ծրագրեր: Այս գործընթացը շարունակական է, եւ մենք էլ մշտապես նոր ծրագրերի, նոր մասնագետների, ավելի լավ պատրաստված լինելու կարիք ենք ունենալու»,- ասում է Վահե Գաբրիելյանը:
Թեև ընդամենը մեկ ծրագրից սկսած փոքրաթիվ անձնակազմով դպրոցն այժմ մի քանի արդեն իրենց արդարացրած ծրագրեր է իրականացնում, Դիվանագիտական դպրոցի տնօրենը մի շարք նոր նախաձեռնությունների գաղափարներ ունի: Նա վստահ է, որ դրանք շահեկան կլինեն թե՛ դիվանագիտական ծառայության, թե՛ հանրության ավելի լայն շերտերի համար, և հուսով է, որ հանգամանքները բարենպաստ կլինեն դրանք կյանքի կոչելու համար:
Լուսանկարը` Մեդիամաքս
Վահե Գաբրիելյանի խոսքով՝ շարունակական կրթությունը հաջողությունների գրավականն է, և ցանկացած մասնագիտական ծառայության մեջ ծառայողական առաջխաղացումը պետք է պայմանավորված լինի նաև գիտելիքների և հմտությունների շարունակական համալրմամբ և թարմացմամբ: «Մնում է մի փոքր բան՝ որ համաձայն լինեն մյուսները ևս»:
«Փաստն այն է, որ մեր՝ դիվանագիտական կադրերի պատրաստման ծրագրի շրջանավարտներն արդեն մեր դիվանագիտական ծառայության մեկ երրորդն են կազմում, իսկ վերապատրաստված դիվանագետների եւ այլ գերատեսչությունների աշխատակիցների թիվն անցնում է չորս հարյուրը: Մեր պայմաններում սրանք զգալի արդյունքներ են»,- ամփոփում է Վահե Գաբրիելյանը:
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: