Երեւան: Մեդիամաքս: Տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Դարոն Աճեմօղլուն կարծում է, որ նախկին խորհրդային հանրապետություններից Հայաստանը լավագույնս էր պատրաստված դեպի ժողովրդավարություն անցում կատարելու համար։
«Կոմունիզմից շուկայական տնտեսության եւ ժողովրդավարության անցումը միշտ էլ շատ դժվար է եղել։ Բայց, օրինակ, Լեհաստանն ու Չեխիան հաջողությամբ հաղթահարեցին դա։ Պատճառներից մեկը Եվրամիության զգալի օգնությունն ու ուղղորդումն էր։ Երկրորդ այն էր, որ այդ երկրներում արդեն գոյություն ուներ քաղաքացիական հասարակություն։
Նայեք նախկին խորհրդային հանրապետություններին. գործնականում չկա որեւէ մեկը, որը հարթ ճանապարհով է ընթացել դեպի ժողովրդավարություն։ Մարդկային կապիտալի եւ արտաքին աջակցության առումով, թերեւս, լավագույնս պատրաստված երկիրը Հայաստանն էր։ Բայց Հայաստանը հաջողությունների չհասավ ոչ տնտեսապես, ոչ քաղաքական առումով»,- ասել է նա The Bell-ին տված հարցազրույցում։
Դարոն Աճեմօղլուն նաեւ մեկնաբանել է իրավիճակը Կովկասում.
«Ռուսական ազդեցության մեկ այլ տարածաշրջանն, իհարկե, Կովկասն էր։ Որքան հասկանում եմ, Ռուսաստանը երկար ժամանակ երաշխավորել էր, որ Լեռնային Ղարաբաղը չի գրավվի Ադրբեջանի կողմից։ Կամ Պուտինը որոշեց չմիջամտել այդ տարածաշրջանի պաշտպանությանը, կամ թաքուն գործարք կնքեց Ադրբեջանի կամ մեկ ուրիշի հետ։ Բայց գուցե մենք տեսնում ենք Ռուսաստանի՝ նույնիսկ իր անմիջական հարեւանությամբ իր ուժը ցուցադրելու կարողության սահմանները»,- նկատել է տնտեսագետը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: