Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ «3+3» ձեւաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) վերջին հանդիպմանը «որոշում է կայացվել այս խորհրդատվական հարթակը ավելի կառուցվածքային կազմակերպության վերածելու մասին»։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այսօր ելույթ ունենալով Պետական դումայում, Լավրովը սատարել է պատգամավորների առաջարկին՝ «3+3» ձեւաչափով միջխորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին։
«Եթե դուք նման նախաձեռնությամբ հանդես գաք, մենք դրան կաջակցենք արտաքին գործերի նախարարության միջոցով։ Դա շատ օգտակար կլիներ»,- նշել է նախարարը։
Մեդիամաքսը նշում է, որ «3+3» ձեւաչափով վերջին հանդիպումը (առանց Վրաստանի մասնակցության) արտգործնախարարների մակարդակով տեղի էր ունեցել 2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում, եւ կազմակերպության ստեղծման մասին որեւէ հայտարարություն չէր արվել։
Նոյեմբերի սկզբին Մոսկվայում ելույթ ունենալով ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր.
«Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է բարդ մնալ, սակայն դրա բարելավման նախադրյալներ կան։ Դրան խոչընդոտում են արտաքին խաղացողները, որոնք գործում են, մեղմ ասած, ոչ վայելուչ նպատակներով, առաջին հերթին դրանք արեւմտյան երկրներն են: Դա կրկին հաստատում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրները պահանջում են տարածաշրջանային լուծումներ։ Հետեւաբար, Հարավային Կովկասում մենք արել եւ շարունակում ենք անել հնարավորը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ամրապնդման համար։ Մենք ակնկալում ենք, որ Անկարայում նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա»,- ասել էր Շոյգուն։
Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ «մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման նրբությունները, սակայն Վրաստանի ներկայացուցիչների նստատեղը միշտ կլինի այս ձեւաչափի նիստերի դահլիճում»։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «3+3»-ն աշխատում է բոլոր մասնակիցների շահերից ելնելով, եւ դրանում կասկած չկա: «Ի դեպ, դա նախանձ էր առաջացնում ԱՄՆ նախորդ վարչակազմի մոտ, որը փորձում էր «3+3» ձեւաչափը փոխարինել «3+1» ձեւաչափով, այսինքն՝ երեք անդրկովկասյան երկրներն ու Բայդենի մարդիկ, ովքեր կղեկավարեին նրանց», - ասել է Լավրովը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: