Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ասել է, որ Հայաստանի տնտեսության աճը ցույց է տալիս, որ հենց նա ԵԱՏՄ անդամակցության հիմնական շահառուն։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ալեքսեյ Օվերչուկը կրկնել է նախորդ շաբաթ արված այն հայտարարությունը, որ Մոսկվան ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու Երեւանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու մեկնարկ։
«Նրանք ասում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալ չեն պատրաստվում։ Բայց ո՞րն է իրավիճակի առանձնահատկությունը: Երկար ժամանակ խոսվում էր Հայաստանի՝ Եվրամիությանը մերձենալու մասին, սակայն 2025 թվականի հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունը իրավական առումով նշանակալի քայլ կատարեց՝ աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը հռչակող օրինագծին։
Հաջորդ քայլերը Հայաստանի կառավարությանն են։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը», - ասել է Օվերչուկը:
«Օրինագծի նախաձեռնողները լավ հասկանում են, որ ԵՄ-ին անդամակցելը շատ հիպոթետիկ բան է, եւ, իհարկե, չեն ցանկանում կորցնել այն տնտեսական օգուտներն ու առավելությունները, որոնք ունեն որպես ԵԱՏՄ անդամ»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։
«Ցավոք, արդեն անցյալ տարի մենք սկսեցինք նկատել, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկումների ազդեցության ներքո ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր դարձավ Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացման հարցում։ Մենք տեսանք, որ մի շարք ոլորտներում բիզնես ակտիվությունը սկսեց նվազել»,- հավելել է Օվերչուկը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: