Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում «մենք կկարողանանք Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի»։
«Թրամփն իշխանության է գալիս բոլորովին նոր օրակարգով։ Նրա առաջին ժամկետի շրջանում ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում որեւէ խնդիր չէր եղել։ Ընդհակառակը, հարաբերությունները շատ դրական էին, և մենք առաջընթաց էինք գրանցել շատ ոլորտներում:
Բայդենի վարչակազմի հիմնական սխալն այն էր, որ նրանք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները դարձրեցին ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զոհը։ Երկրորդը՝ նրանք անարդար դիրքորոշում դրսեւորեցին Ադրբեջանի նկատմամբ, հատկապես Ղարաբաղի հարցում։ Ես ԱՄՆ ներկայացուցիչներին բազմիցս ասել եմ՝ դուք երկու ձեռքով պաշտպանում եք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, տրամադրում եք զենք եւ միլիարդավոր դոլարներ։ Մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ եք ուզում մեզ պատժել։ Պատասխան չկար։ Իսկ պատասխանը պարզ է՝ երկակի ստանդարտներ»,- ասել է Ալիեւը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Խոսելով Եվրամիության հետ Ադրբեջանի հարաբերությունների ապագայի մասին՝ Ալիեւն ասել է, որ «նախորդ տարին հիասթափությունների տարի էր, քանի որ Եվրամիությունը միանշանակ բռնեց Հայաստանի կողմը»։ Ադրբեջանի նախագահը հիշատակել է նաեւ ԵՄ նախկին Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի «կործանարար դերի» մասին։
«Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո։ Հանձնաժողովը նոր է, չնայած որոշ կերպարները հին են։ Եթե նոր Եվրահանձնաժողովի վերաբերմունքը մեր նկատմամբ լինի նորմալ ու կառուցողական, կարծում եմ՝ կկարողանանք կառուցողական համագործակցության վերադառնալ։ Եթե այսպես կոչված Խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանը զենքով հագեցնելու գործընթացը շարունակվի, մենք համարժեք գործողությունների կդիմենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: