Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ հանդիպմանը կարեւորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետեւողական զարգացումն ու բազմաոլորտ համագործակցության խորացումը:
«Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ժողովրդավարության ամրապնդման եւ տնտեսական զորեղացմանը միտված ծրագրերի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մակարդակում հարաբերությունների ընդլայնմանը:
Ռիչարդ Վերման շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղական մարմինների եւ համայնքների միջեւ, ինչպես նաեւ տնտեսության, կրթության եւ այլ ոլորտներում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, վերջերս կառավարության կողմից հաստատված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման շուրջ: Վերջինիս առնչությամբ վարչապետը կարեւորել է միջազգային գործընկերների աջակցությունը»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: