Բաքուն Հայաստանից «պատշաճ պարզաբանում» է ակնկալում - Mediamax.am

3802 դիտում

Բաքուն Հայաստանից «պատշաճ պարզաբանում» է ակնկալում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն այսօր Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի քննարկումներից մեկի ժամանակ ասել է, որ «մենք Հայաստանից ակնկալում ենք պատշաճ պարզաբանում իրավական, ինչպես նաեւ սահմանադրական փաստաթղթերի վերաբերյալ»։

«Մենք ակնկալում ենք համապարփակ պարզաբանումներ ստանալ Հայաստանի իրավական եւ սահմանադրական դաշտի վերաբերյալ, որտեղ դեռեւս մնում է «միացումի» եւ տարածքային պահանջների տարրը։ Հայկական կողմը պետք է իրական հանձնառություն ստանձնի միջանկյալ օրակարգն առաջ մղելու համար: Միեւնույն ժամանակ, մենք պետք է զգոն լինենք հավանական նոր զարգացումների նկատմամբ։ Ցավոք, աշխարհաքաղաքական ազդեցության տարածման հետ կապված հակասական միտում է ի հայտ եկել, ինչը հանգեցնում է նոր բաժանարար գծերի ստեղծմանը։ Չափազանց կարեւոր է դրան լրջորեն վերաբերվել», - Հաջիեւի խոսքերը մեջբերում է Trend-ը։

 

Նա նշել է, որ «ադրբեջանական կողմը պատրաստակամություն եւ քաղաքական վճռականություն է ցուցաբերում տարածաշրջանը վերափոխելու եւ Հարավային Կովկասը խաղաղության, անվտանգության եւ համագործակցության տարածաշրջանի վերածելու համար»։

 

«Նախագահ Ալիեւն առաջարկել է Հարավային Կովկասի ինտեգրված մոդել՝ Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը մեկ հարթակի վրա միավորելու նախաձեռնություն։ Մեր օրակարգում կարեւորվում է նաեւ տարածաշրջանային պատասխանատվությունը, ինչը նշանակում է, որ բոլոր երեք երկրները պետք է ակտիվորեն մասնակցեն եւ իրենց ներդրումն ունենան տարածաշրջանային նախաձեռնություններին: Դա ենթադրում է պատասխանատվության ստանձնում՝ հանուն տարածաշրջանային համագործակցության։ Մենք հաջողությամբ ստեղծել ենք արդյունավետ համագործակցության մոդել Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ, եւ Հայաստանը կարող է օգտվել այդ փորձից»,- հավելել է Հաջիեւը։

 

«Խաղաղության պայմանագիրը չպետք է կնքվի միայն հանուն կնքվելու։ Խաղաղության հասնելու իրական եւ անկեղծ մտադրություն պետք է լինի: Այս առումով Ադրբեջանն ընդգծում է նաեւ խաղաղության պայմանագրի երկկողմանի բնույթը։ Տարածաշրջանում խաղաղությունը Բաքվի եւ Երեւանի միջեւ է, այլ ոչ թե Փարիզում կամ Բրյուսելում կամ որեւէ այլ վայրում»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին