Միրզոյանը ԵՄ գործընկերներին ներկայացրել է խաղաղության հաստատելու ՀՀ ջանքերը - Mediamax.am

2983 դիտում

Միրզոյանը ԵՄ գործընկերներին ներկայացրել է խաղաղության հաստատելու ՀՀ ջանքերը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Բրյուսելում Եվրամիության հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձեւաչափով հանդիպմանն ու ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը:

«Սա լավ հնարավորություն է արտահայտելու մեր երախտագիտությունը Եվրոպական միության աջակցության համար մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաեւ հասցեագրելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների հրատապ կարիքները, այն աջակցության համար, որը Եվրոպական միությունը ցուցաբերել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը, քննարկել հետագա ծրագրերը»,- ասել է Արարատ Միրզոյանը:

 

ԱԳՆ-ից հայտնել են, որ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները:

 

«Որպես տարածաշրջանում խաղաղության օրակարգի մաս՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա առանձին բաղադրիչների՝ ընդգծելով դրա կարեւորությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաեւ ավելի լայն տարածաշրջանի, Արեւելքն Արեւմուտքին կապող ենթակառուցվածքների կայուն ցանցի ընդլայնման համատեքստում»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին