Շառլ Միշել. ԵՄ հարաբերություններն Ադրբեջանի հետ «հեշտ չեն» - Mediamax.am

2159 դիտում

Շառլ Միշել. ԵՄ հարաբերություններն Ադրբեջանի հետ «հեշտ չեն»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ «չափազանց հիասթափված է» Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություն իրականացնելու Ադրբեջանի որոշումից եւ այդ մասին «շատ վճռականորեն» ասել է Իլհամ Ալիեւին։

Euronews հեռուստաալիքի Global Conversation ծրագրին տված հարցազրույցում Միշելն ասել է, որ բանակցություններում հաջողության հասնելու համար պետք են երկու կողմերի պարտավորությունները, սակայն «ավելի մեծ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի վրա, որը սկսել է այս ռազմական գործողությունը»:

 

«Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսեւորի եւ, հարգելով միջազգային իրավունքը, ապահովի Ադրբեջանի ողջ բնակչության, այդ թվում՝ հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- նշել է նա։

 

Շառլ Միշելը ձեռնպահ է մնացել Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային գաղթը բնորոշել որպես էթնիկ զտում։

 

«Իսկապես, հայ բնակչության ճնշող մեծամասնությունը հեռացավ տարածաշրջանից՝ ամենայն հավանականությամբ վախենալով Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքից։ Նրանց մեծ մասն այժմ Հայաստանում է, եւ այդ պատճառով ԵՄ-ն պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերի»,- ասել է ԵՄ Խորհրդի նախագահը։

 

Շառլ Միշելը նշել է, որ չնայած վերջին իրադարձություններին, Ադրբեջանը շարունակում է մնալ ԵՄ գործընկերը։

 

«Այո, Ադրբեջանն այսօր գործընկեր է։ Դա չի նշանակում, որ մեր հարաբերությունները հեշտ են: Ոչ, դրանք հեշտ չեն: Իրական դժվարություններ կան, եւ դա պետք է հասկանալ»,- ասել է նա։ Միեւնույն ժամանակ, Շառլ Միշելը հերքել է այն պնդումները, թե ԵՄ-ն «աչք փակեց» Ադրբեջանի կողմից հնարավոր ուժային գործողությունների նախանշանների վրա, երբ 2022 թվականին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանն անվանեց «վստահելի գործընկեր»՝ Բաքվում մինչեւ 2027 թվականը ադրբեջանական գազի մատակարարումները կրկնապատկելու մասին համաձայնագիր ստորագրելով։

 

«Ես հասկանում եմ այս փաստարկը, սակայն այն ճիշտ չէ։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր մենք ցուցադրել ենք Եվրոպայի կարողությունը արագ դիվերսիֆիկացնելու իր մատակարարման աղբյուրները, եւ այսօր մենք ունենք էներգիայի մատակարարման բազմաթիվ տարբերակներ», - ասել է Միշելը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին