Փաշինյանը մատնանշել է «բրյուսելյան հարթակի» թերությունները - Mediamax.am

3603 դիտում

Փաշինյանը մատնանշել է «բրյուսելյան հարթակի» թերությունները


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «ամեն միջնորդություն ունի իր յուրահատուկ թերությունը»:

«Բրյուսելյան հարթակի առումով մենք տեսնում ենք հետեւյալ խնդիրը, եւ այն շարունակական է. մենք որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերում Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ եւ վկայությամբ: Եվ եթե կողմերից որեւէ մեկն այդ պայմանավորվածությունները չի իրականացնում, դրան չեն հետեւում նույնիսկ կոնկրետ գնահատականներ: Կարող եմ օրինակ բերել՝ Ադրբեջանի նախագահը Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ դեռեւս անցյալ տարեվերջին, պարտավորվել էր, որ առաջիկա մեկ շաբաթից 15 օրվա ընթացքում, դա դեռ անցյալ տարի է եղել, ազատ կարձակվեն 10 գերիներ: Մինչեւ հիմա այդ պարտավորությունը չի կատարվել: Ես ենթադրում եմ, որ արդյունավետ միջնորդությունն այն է, երբ պայմանավորվածությունների չկատարման պարագայում առնվազն որոշակի քաղաքական վերաբերմունք է ձեւավորվում այդ պարտավորությունը չկատարողի նկատմամբ: Բրյուսելյան հարթակում մենք դա չենք տեսնում, եւ ես անընդհատ այս հարցը բարձրացրել եմ:

 

Մենք ունենք պատրաստած մի փաստաթուղթ, որի անունը դրել ենք «աուդիտ», որտեղ թվարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք բրյուսելյան հարթակում ձեռք են բերվել, բայց հետագայում չեն իրականացվել: Ահագին հաստ փաթեթ է ստացվել, ինչը մտահոգիչ է», - ասել է Նիկոլ Փաշինյանը Euronews-ի հետ հարցազրույցում:

 

 

Պատասխանելով Ռուսաստանի նախագահի՝ Մոսկվայում եռակողմ հանդիպում անցկացնելու հրավերի եւ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայիս ազդեցության մասին հարցին, Հայաստանի վարչապետն ասել է.

 

«Ես դեռ որևէ հրավեր չեմ ստացել, սա պիտի ընդգծեմ: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի ներկայությանը,  ապա Ուկրաինայի իրադարձությունների բերումով ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս աշխարհաքաղաքական խաղացողների ուշադրությունը մեր տարածաշրջանի  նկատմամբ նվազում է, որովհետև գործնականում Ուկրաինան ամբողջ միջազգային ուշադրությունը կենտրոնացնում է իր վրա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին