Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ արեւմտյան երկրների կողմից տեսանելի են անթաքույց ջանքեր՝ «կռվեցնելու» Հայաստանին եւ Ռուսաստանին:
«Եկեք իրերն իրենց անուններով կոչենք. արեւմտյան երկրները, հոգալով ոչ թե տարածաշրջանային երկրների, այլ առաջ տանելով սեփական աշխարհաքաղաքական շահերը, փորձում են խարխլել տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը: Վստահ ենք՝ դրանք դատապարտված են ձախողման»,- Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն հանդես է գալիս Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ բոլոր պայմանավորվածությունների լիարժեք կատարման օգտին:
«Մենք կողմ ենք, որ խստորեն, առանց որեւէ իմպրովիզացիաների կատարվեն բոլոր այն եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել: Եվ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել բացառապես այս համատեքստում»,- ասել է նա։
Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի մասնակցությունը ԼՂ բնակչության անվտանգության ապահովման գործում:
«Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է ԼՂ տարածքում ադրբեջանական ժողովրդի վերաբնակեցման գործընթացը, մինչդեռ հայկական կողմը դա չի անում համապատասխան միջազգային մեխանիզմի բացակայության պատճառով:
Ոչ մի կերպ չնսեմացնելով ռուս գործընկերների դերը 2020 թվականին հրադադարի հաստատման գործում, ինչպես նաեւ ռուսական խաղաղապահ առաքելության դերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետի կանխման գործում, ներկա իրավիճակը ցույց է տալիս ԼՂ բնակչության իրավունքների եւ անվտանգության երաշխավորման մեխանիզմների ու դրանցում միջազգային մասնակցության անհրաժեշտությունը: Պետք է ակտիվացնել ցեղասպանության կանխարգելման միջազգային մեխանիզմները, միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ։ Հույս ունենք համագործակցել ռուսական կողմի հետ այս հարցում»,- ասել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: