ՀՀ ԱԳ նախարար. «ԵՄ առաքելության նպատակը մարդկանց անվտանգությունն է» - Mediamax.am

2509 դիտում

ՀՀ ԱԳ նախարար. «ԵՄ առաքելության նպատակը մարդկանց անվտանգությունն է»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանում Եվրամիության երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության նպատակը մարդկանց անվտանգությունն է:

«Սահմանամերձ շրջաններում ապրողների, դպրոց հաճախող երեխաների, իրենց գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց եւ այն ընտանիքների, որոնք ցանկանում են ապրել իրենց տներում՝ չվախենալով թիրախում հայտնվելուց: Հստակ մարդիկ, հստակ դպրոցներ, հստակ տներ», - ասել է Արարատ Միրզոյանը՝ հունվարի 24-ին հանդես գալով ելույթով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում:

 

«ԵՄ-ն շարունակում է հանդիսանալ Հայաստանի առաջնային գործընկերը՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված ինստիտուտների զարգացման եւ բարեփոխումների մեր օրակարգին աջակցելու գործում, եւ երկրորդը, չնայած բոլոր մարտահրավերներին, մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործընկերության շրջանակը՝ հիմնվելով Եվրոպական միության՝ մեր տարածաշրջանում կայունությանը նպաստելու հանձնառության վրա։ Մենք հավատում ենք, որ մեր անվտանգային ճարտարապետությունը չի կարող լինել համապարփակ առանց մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության», - նշել է Արարատ Միրզոյանը:

 

Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների մասին, նախարարն ասել է, որ հայկական կողմի առաջարկած հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնությունը մերժվել են Ադրբեջանի կողմից։

 

«Առաջարկությունների թվում է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների ճշգրտումը, քանի որ առանց Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ հստակ համաձայնեցված չափորոշիչների իրական խաղաղությունն անհնար է: Հաջորդը պետական սահմանից զինված ուժերի դուրսբերումը եւ ապառազմականացված գոտու ստեղծումն է՝ հնարավոր հետագա էսկալացիան կանխելու համար, ինչպես նաեւ վստահության ամրապնդման միջոցները եւ անվտանգության մեխանիզմը, խաղաղության պայմանագրի երաշխավորի(ների) ինստիտուտը, որը կապահովի հանձնառությունների կատարումը», - մանրամասնել է Արարատ Միրզոյանը:

 

«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պետք է ընդունի իր բոլոր պահանջները, իսկ իր ուզածը չստանալու դեպքում, Ադրբեջանը օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր գործիքները. սկսած հայ ռազմագերիներին պատանդ պահելուց մինչեւ հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության տարածում, ռազմատենչ հռետորաբանությունից մինչեւ ուժի կիրառում», - ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին