ԵՄ-ն Երեւանին եւ Բաքվին կոչ է անում շրջել թշնամության էջը - Mediamax.am

4652 դիտում

ԵՄ-ն Երեւանին եւ Բաքվին կոչ է անում շրջել թշնամության էջը


Լուսանկարը` https://www.commonspace.eu/


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիությունը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում շրջել թշնամության էջը եւ շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային կյանքերի հետագա անհարկի կորուստները։

Այս մասին ասված է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական հայտարարության մեջ:

 

«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության ձեռնարկած բազմաթիվ քայլերը, որոնք ուղղված են տարաձայնությունները հաղթահարելուն եւ տարածաշրջանում կայուն ու երկարատեւ խաղաղության հասնելուն: ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց կայուն ներգրավվածությունը տարբեր մակարդակներում եւ ձեւաչափերով ընթացող բանակցություններում: Թեեւ բանակցություններն ակնհայտորեն բարդ են եւ ժամանակ են պահանջում, կարեւոր է չկորցնել պահը, համաձայնեցնել կոնկրետ քայլերը եւ ապահովել անվտանգ, ապահով ու բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի բնակչության»,- ասված է հայտարարության մեջ:

 

ԵՄ-ն կողմերին կրկին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը եւ խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրացումից՝ զերծ մնալով միմյանց հասցեին սպառնալիքներ կամ մեղադրանքներ հնչեցնելուց եւ ռազմական սադրանքներ,  գործողություններ իրականացնելուց:

 

Հայտարարության մեջ ասված է նաեւ, որ ԵՄ-ը շարունակելու է ակտիվ ներգրավվածություն ունենալ եւ արձագանքել երկու կողմերի ցանկություններին, աջակցել նրանց բոլոր չլուծված խնդիրների համապարփակ եւ արդարացի կարգավորմանն ուղղված իրենց աշխատանքում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին