«Եռյակը» քննարկել է ԵԱՀԿ-ի «ավելի մեծ ներգրավվածության» հեռանկարը - Mediamax.am

5221 դիտում

«Եռյակը» քննարկել է ԵԱՀԿ-ի «ավելի մեծ ներգրավվածության» հեռանկարը


Զբիգնեւ Ռաուն եւ Հելգա Շմիդտը
Զբիգնեւ Ռաուն եւ Հելգա Շմիդտը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ նախարարական «Եռյակի» անդամները Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման գործում ԵԱՀԿ-ի «ավելի մեծ ներգրավվածության» հնարավորությունները։

ԵԱՀԿ «Եռյակը» ներկայացնող ԵԱՀԿ Գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն, Շվեդիայի արտգործնախարար Աննա Լինդեն եւ Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բուջար Օսմանին Նյու Յորքում հանդիպում են անցկացրել՝  ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի մասնակցությամբ։

 

«Հանդիպման առանցքներից մեկը եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերջին սրացումը։ «Եռյակը» եւ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանում ԵԱՀԿ-ի ավելի մեծ ներգրավվածության հնարավորությունները։ Նրանք նշել են ԵՄ-ի աջակցությամբ խաղաղ բանակցությունների կարեւորությունը՝ հիշատակելով տարածաշրջանում  ԵԱՀԿ փորձն ու գործիքները»,- ասված է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ։

Մեդիամաքս-ը նշում է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս շաբաթ Նյու Յորքում առանձին հանդիպումներ էր ունեցել Զբիգնեւ Ռաուիի, Աննա Լինդեի եւ Հելգա Շմիդտի հետ:

 

Սեպտեմբերի 23-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր.

 

«Դիվանագիտական լուծումները մեզ համար բացարձակ առաջնահերթություն են, եւ միջազգային հանրության լիարժեք ներգրավվածությունն ու աջակցությունը չափազանց կարեւոր է։ Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ տարածքներում կարեւոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին