Միրզոյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ - Mediamax.am

2704 դիտում

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության խնդիրների լայն շրջանակ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Միրզոյանը եւ Լավրովը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ։

 

ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի:

 

Արարատ Միրզոյանը կարեւորել է ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ ուղղված ԼՂ հակամարտության տեւական եւ համապարփակ կարգավորմանը:

 

«Վերահաստատվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարեւորությունը:

 

Կարեւորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության եւ կենսագործունեության պայմանների ապահովման գործում։

 

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

 

Երկու երկրների նախարարները քննարկել են Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երեւանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին