Ուսուբով. «Հայաստանի ժողովուրդը Փաշինյանին խաղաղություն կնքելու մանդատ է տվել» - Mediamax.am

2792 դիտում

Ուսուբով. «Հայաստանի ժողովուրդը Փաշինյանին խաղաղություն կնքելու մանդատ է տվել»


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովն ասել է, որ «Հայաստանի ժողովուրդը Փաշինյանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մանդատ է տվել»։

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, «Ադրբեջան» պաշտոնաթերթին տված հարցազրույցում Ռամիլ Ուսուբովը ասել է, որ «Հայաստանն այլ ելք չունի, քան հրաժարվել անհիմն պահանջներից եւ տարածաշրջանային համագործակցություն ծավալել»։

 

«Պատերազմում ջախջախիչ պարտությունը հանգեցրեց Հայաստանի տնտեսական եւ սոցիալական վիճակի լիակատար փլուզմանը, իսկ այս երկրում ներքաղաքական իրավիճակը հասավ գրեթե քաղաքացիական պատերազմի աստիճանի։ Մյուս կողմից, երբ պարզ է դառնում, որ խաղաղ բանակցությունների դեմ բողոքի ակցիաներ կազմակերպող ընդդիմությունը չի հասնի իր նպատակին, նրա կողմնակիցների թիվը նվազում է։ Այս հանրահավաքների մասնակիցների մեծ մասը բողոքում է միայն երկրում տիրող սոցիալական անմխիթար վիճակի դեմ։ Կարծես թե հայ հասարակության մեջ կա խաղաղ բանակցությունների պահանջ եւ աջակցություն»,- ասել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

 

Նա նշել է, որ «անցյալ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայ ժողովուրդը ընտրություն կատարեց հօգուտ իշխող կուսակցության, որը հայտարարել էր, որ բանակցություններ է սկսելու Ադրբեջանի հետ, այլ ոչ թե ընդդիմության, որը ներկայացնում է «ռազմական խունտան»։.

 

«Ժողովուրդը Փաշինյանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մանդատ է տվել, այսինքն՝ հայ ժողովուրդը հոգնել է թշնամությունից եւ կայունություն է ուզում»,- ասել է Ուսուբովը։

 

Նրա խոսքով, «Հայաստանի բնակչությունը գիտակցում է, որ Հարավային Կովկասի անվտանգության նոր համակարգը, որը ձեւավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, կապահովի բոլոր պետությունների եւ ժողովուրդների բարեկեցությունը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին