Արարատ Միրզոյան․Կապ ենք տեսնում ՀՀ-Թուրքիա եւ ՀՀ-Ադրբեջան գործընթացների միջեւ - Mediamax.am

4548 դիտում

Արարատ Միրզոյան․Կապ ենք տեսնում ՀՀ-Թուրքիա եւ ՀՀ-Ադրբեջան գործընթացների միջեւ


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «ուրախ ենք լսել Թուրքիայի բարձրագույն իշխանության հայտարարություններն այն մասին, թե իրենք պատրաստ են կարգավորել եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, բացել սահմանը»։

Այս մասին Միրզոյանն ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

 

«Մյուս կողմից, թեեւ Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա առանց որեւէ նախապայմանի, այնուամենայնիվ, մենք կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջեւ։ Կապ, որը Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները փորձում են գտնել կամ ընդգծել յուրաքանչյուր առիթով։ Մենք չենք կարծում, որ սա կառուցողական է։ Որոշակի տարբերություններ կան նաեւ տեմպի պահով»,- ասել է նա։

 

Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ Արարատ Միրզոյանն ասել է, որ բանակցություններն ընթանում են մի քանի ուղղությամբ եւ «բազմաթիվ հարցերում պատկերացումները չեն համընկնում»։

 

«Մենք հավատում ենք խաղաղության գործընթացին, կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման մեջ հնարավոր չէ չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը, չհասցեագրել ու քաղաքական կարգավորում չտալ այդ հակամարտությանը։ Հավատացած ենք, որ բանակցությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

 

Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով ընթացքող բանակցություններին։

 

«Բանակցություններ ասելը փոքր-ինչ չափազանցված է այս փուլի համար, բայց սկիզբը դրված է, հանձնաժողովների երկրորդ հանդիպումը կլինի Մոսկվայում։ Որոշակի դրական տեղաշարժ ենք տեսնում տարածաշրջանային տնտեսական, առեւտրային ենթակառուցվածքների ապաշրջափակման առոմով։ Սխալ կլինի ասել, որ կա լիարժեք պատկերացում, բայց դրական տեղաշարժ կա։ Բաքվի կողմից հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շարունակական ազատ չարձակելը, մշակութային հուշարձանների նկատմամբ ոտնձգությունները, հակահայկական հռետորաբանությունը եւ սադրիչ գործողությունները միայն խանգարում են այս գործընթացներին»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին