Շառլ Միշելը պարզաբանել է մայիսի 22-ի իր հայտարարությունը - Mediamax.am

4292 դիտում

Շառլ Միշելը պարզաբանել է մայիսի 22-ի իր հայտարարությունը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի անունից նրա խոսնակը հայտարարություն է տարածել՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ»:

Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

 

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին օրերի լարվածության համատեքստում նախագահ Միշելը վերստին հաստատում է ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու երկու երկրների հետ համագործակցությունը եւ խթանելու Հարավային Կովկասը, որպես  անվտանգ, կայուն, խաղաղ եւ բարեկեցիկ տարածաշրջան՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

 

Նախագահը ողջունում է երկու երկրների սահմանային հանձնաժողովների առաջին պատմական հանդիպումը մայիսի 24-ին եւ ընդգծում է՝ մինչդեռ կողմերը հետամուտ են սահմանազատման գործընթացին, կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի երկայնքով կայունության եւ անվտանգության ապահովումը:

 

Ավելի լայն առումով նախագահ Միշելն ընդգծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կայուն կարգավորման համար կարեւոր է անդրադառնալ բոլոր դեռ չլուծված խնդիրներին՝ ներառյալ՝ շարունակելով ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները եւ անդրադառնալով  հակամարտության արմատներին: Ըստ նախագահ Միշելի՝ բոլոր առանցքային խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաեւ 2020թ ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է կարգավորվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից, տեւական եւ արդարացի խաղաղության համար պայմաններ ստեղծելու նպատակով։

 

Շառլ Միշել. «Քննարկումն անկեղծ եւ արդյունավետ էր»

Ինչպես ցանկացած այլ հակամարտության ժառանգականության պարագայում է, տերմինաբանությունը հատկապես զգայուն է այս համատեքստում։ Նախագահ Միշելի՝ առաջնորդների հանդիպման արդյունքների վերաբերյալ մայիսի 22-ի հայտարարությունը չպետք է մեկնաբանել, որպես աջակցություն քննարկումների որեւէ կանխորոշված ելքի: Ծայրաստիճան կարեւոր է բոլոր խնդիրների համակողմանի հասցեագրումը. սա ներառում է բոլոր բնակչությունների իրավունքներն ու անվտանգությունը:

 

Հաղորդակցության հնարավորությունները հատկապես քննարկվել էին մայիսի 22-ին Բրյուսելում՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Ցավալի է, որ շահարկումներ են արվում հակառակի շուրջ:

 

Որպես ամփոփում, նախագահ Միշելը շեշտում է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը եւ այս հարցում հանրային հռետորաբանության կարեւոր դերը։ Նա ողջունել է պաշտոնական Երեւանի եւ Բաքվի հայտարարությունը՝  բանակցությունների շարունակման համար բարենպաստ մթնոլորտի ապահովման գործում բարեխղճորեն ներգրավվելու մտադրությունների վերաբերյալ եւ հայտնում է ԵՄ պատրաստակամությունը խորացնելու աջակցությունը վստահության ամրապնդման միջոցառումներին:

 

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը մոտ օրերս կմեկնի տարածաշրջան՝ հետեւելու քննարկվող բոլոր ասպեկտներին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին