Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իր երկիրը հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Հայաստանին եւ սպասում է պատասխանի։
«Օկուպացիայի գործոնն այլեւս չկա: Այս իրավիճակում ադրբեջանական կողմը, չնայած անցյալի բոլոր դժվարություններին ու խնդիրներին, հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին»,- ասել է նախարարը, ում խոսքերը ներկայացնում է Trend-ը։
«Մենք վերջերս նոր առաջարկ ուղարկեցինք Հայաստան՝ ի նշան բարի կամքի։ Առաջարկել ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք ներառում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը։ Պատրաստակամություն ենք հայտնել զարգացնել հարաբերությունները որոշակի սկզբունքների հիման վրա։ Հայաստանը պետք է դիտարկի եւ տա իր պատասխանը։ Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, ապա սա շատ լավ հնարավորություն է նրանց համար։ Հայաստանի պատասխանը հայտնի կլինի մոտ ապագայում, եւ, իհարկե, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասել է Բայրամովը։
«Այս փաստաթղթում նշված բոլոր սկզբունքները միջազգային հարաբերությունների սկզբունքներն են»,- ընդգծել է ադրբեջանցի նախարարը։
Մեդիամաքսը նշում է, որ մարտի 11-ին մեկնաբանելով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարները, Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր.
«Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչեւ օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերեւս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: