Բազմաբեւեռ աշխարհը կստեղծեն միջին տերությունները - Mediamax.am

exclusive
1296 դիտում

Բազմաբեւեռ աշխարհը կստեղծեն միջին տերությունները



Ներկայացնում ենք Հարվարդի համալսարանի Քենեդիի դպրոցի միջազգային քաղաքական տնտեսագիտության պրոֆեսոր Դենի Ռոդրիկի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
 
Դենի Ռոդրիկ

Չինաստանի վերելքը մարտահրավեր է նետել համաշխարհային տնտեսության մեջ Ամերիկայի անվիճելի հեգեմոնիային: Թեեւ ամերիկյան ազգային անվտանգության վերնախավի մի մասը ձգտում է պահպանել ԱՄՆ-ի առաջնորդությունը, մյուսներն ակնհայտորեն հաշտվել են երկբեւեռ աշխարհի հեռանկարի հետ: Սակայն առավել հավանական արդյունքը կլինի բազմաբեւեռ աշխարհը, որտեղ միջին տերությունները զգալի հակակշիռ են ապահովելու՝ թույլ չտալով Միացյալ Նահանգներին եւ Չինաստանին իրենց շահերը պարտադրել ուրիշներին:

Այս միջին տերություններն են Հնդկաստանը, Ինդոնեզիան, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Թուրքիան եւ Նիգերիան: Դրանք տնտեսապես խոշոր երկրներ են, որոնք զգալի ազդեցություն ունեն համաշխարհային տնտեսության կամ իրենց տարածաշրջանների վրա։ Թեեւ նրանց չենք կարող հարուստ որակել (իսկապես, աշխարհի աղքատության զգալի մասը հենց այդ երկրներում է), նրանք ունեն մեծ, դեպի սպառում կողմնորոշված միջին խավ, ինչպես նաեւ զգալի տեխնոլոգիական ներուժ:

Նշված վեց երկրների համախառն ՀՆԱ-ն (գնողունակության պարիտետով) արդեն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը եւ կանխատեսվում է, որ մինչեւ 2029 թվականը կաճի 50%-ով:

Որպես կանոն, այս երկրները հատուկ արտաքին քաղաքականություն են վարում, որը մերժում է ԱՄՆ-ի կամ Չինաստանի հետ բացահայտ դաշինքի մեջ մտնելը: Ի հեճուկս ԱՄՆ-ում տարածված ընկալումների՝ միջին տերությունները Չինաստանի հանդեպ մեծ համակրանք չունեն եւ պատրաստ չեն զոհաբերել իրենց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ հանուն Չինաստանի հետ մերձեցման։ Ավելին, եթե նրանք մերձենում են Չինաստանի հետ, դա տեղի է ունենում ամերիկյան քաղաքականության պատճառով։ Ամերիկայի կողմից իր տնտեսական եւ ֆինանսական հզորության օգտագործումը որպես զենք ստիպում է նրանց ապահովագրվել եւ պահեստային տարբերակներ փնտրել:

Միջին տերությունների ղեկավարները չեն ցանկանում ապրել մի աշխարհում, որտեղ նրանք ստիպված են որեւէ կողմ բռնել։ «Մենք հրաժարվում ենք նոր «սառը պատերազմի» խաղազինվոր լինել», - ասել է Ինդոնեզիայի նախկին նախագահ Ջոկո Վիդոդոն:

Քանի որ զարգացած երկրները սկսել են ավելի կենտրոնանալ ներքին խնդիրների վրա, միջին տերությունները դարձել են համաշխարհային հանրային բարօրության բնական պաշտպաններ: Նրանք լավ դիրքավորված են առաջնորդելու այնպիսի հարցերում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, առողջությունը եւ պարտքային խնդիրների լուծումը: Լավ օրինակ էր G20-ում նախագահող Բրազիլիայի նախաձեռնությունը միլիարդատերերի հարստության վրա գլոբալ հարկ սահմանելու վերաբերյալ։ Քննարկվող առաջարկը թույլ կտա հարյուր միլիարդավոր դոլարներ հավաքագրել եւ կարող է կարեւոր դեր խաղալ ցածր եկամուտ ունեցող երկրներում կլիմայի ֆինանսավորման դեֆիցիտը ծածկելու գործում:

Դժվար թե միջին տերությունները իրենց հզոր դաշինքը կազմեն։ Հիմնական պատճառն այն է, որ նրանց շահերը չափազանց տարբեր են, որպեսզի միավորվեն ընդհանուր տնտեսական կամ անվտանգային օրակարգում: Նույնիսկ երբ նրանք միանում են ֆորմալ խմբերին, նրանց հավաքական ազդեցությունը սահմանափակ է: BRICS խումբը (ի սկզբանե՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ այնուհետեւ՝ Հարավային Աֆրիկան) ստեղծվել էր 2009-ին, բայց այն քիչ բանի է հասել:


Վերջերս BRICS-ն ընդլայնվել է՝ ներառելով Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը եւ ԱՄԷ-ն: Միգուցե միանան նաեւ ուրիշները։ Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է երկրների նման բազմազան խումբը հետեւողականորեն գործել միասին: Վատագույն դեպքում այն ամրապնդելու է ավտորիտար հակումները մասնակից երկրների նույնիսկ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդների շրջանում:

Տնտեսագետների եւ քաղաքագետների շրջանում ընդունված է կարծել, որ առողջ եւ կայուն համաշխարհային տնտեսությունը հեգեմոնի կարիք ունի՝ լինի դա ԱՄՆ-ն՝ 1945 թվականից հետո, թե Բրիտանիան՝ ոսկե ստանդարտի ժամանակաշրջանում: «Հեգեմոնային կայունության» տեսության համաձայն ՝ համաշխարհային տնտեսության պահպանման ծախսերը հոգալու համար արտակարգ ուժ է պահանջվում: Ըստ այդմ, բազմաբեւեռությունը դառնում է քաոսի եւ տնտեսական դեզինտեգրացիայի բաղադրատոմս։

Սակայն դա հնացած տեսակետ է: Թեեւ թափակցիկության եւ պրոտեկցիոնիզմի ճշգրիտ համակցությունը տարբեր է զանազան երկրների համար, ոչ մի պետություն շահագրգռված չէ երես թեքել համաշխարհային տնտեսությունից: Կառավարությունները պետք է հավասարակշռեն բաց առեւտրի օգուտները եւ այն աջակցությունը, որը կարող է անհրաժեշտ լինել տնտեսությանը նոր հնարավորություններ ձեւավորելու համար: Յուրաքանչյուր երկիր լավագույնս գիտի, թե ինչ պայմաններով է պատրաստ մասնակցել համաշխարհային տնտեսությանը։

Հիանալի կլիներ ապրել մի աշխարհում, որտեղ Միացյալ Նահանգները (գուցե՝ Չինաստանի հետ միասին) իրականում ապահովում է գլոբալ հանրային բարօրություն, ներառյալ արտոնյալ ֆինանսավորում եւ զարգացող երկրների կլիմայի փոփոխության դեմ պայքարելու եւ դրան հարմարվելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներին հասանելիություն: Բայց մենք այլ աշխարհում ենք ապրում: Միացյալ Նահանգները եւ տնտեսապես խոշոր այլ երկրները բացարձակապես տրամադրված չեն ապահովելու այն հանրային բարօրությունը, որն իսկապես անհրաժեշտ է համաշխարհային տնտեսությանը, եւ հաշվի առնելով նրանց մայրաքաղաքներում տիրող տրամադրությունները, տեսանելի ապագայում իրավիճակը դժվար թե փոխվի:

Բացի այդ, ինչպես միջին տերություններից շատերը սովորել են սեփական փորձի վրա, հեգեմոնային ուժը կարող է օգտագործվել ոչ միայն բարիքի, այլեւ հարկադրանքի համար: Այն կարող է օգտագործվել խաղի կանոններ պարտադրելու համար, որոնք չեն համապատասխանում այդ երկրների շահերին (եւ որոնք հեգեմոնը հեշտությամբ խախտում է ամեն անգամ, երբ դրանք անհարմար են լինում), կամ պատժելու այն երկրներին, որոնք անտեսում են հեգեմոնի արտաքին քաղաքական նպատակները (ինչպես տեղի է ունենում Իրանի եւ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների միջազգայնացման դեպքում)։

Ահա թերեւս ամենակարեւոր ներդրումը, որը կարող են կատարել միջին տերությունները. սեփական օրինակով ցույց տալ բազմաբեւեռության իրականությունը եւ աշխարհակարգի զարգացման ուղիների բազմազանությունը: Նրանք առաջարկում են համաշխարհային տնտեսության տեսլական, որը կախված չէ Ամերիկայի կամ Չինաստանի ուժից եւ բարի կամքից: Սակայն, ուրիշների համար արժանի օրինակ դառնալու համար միջին տերությունները պետք է պատասխանատու դերակատարների վերածվեն: Եվ դա վերաբերում է ոչ միայն փոքր երկրների հետ նրանց հարաբերություններին, այլեւ ներսում քաղաքական պատասխանատվության բարձրացմանը։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին