Թուրքիայի եվրասիականությունը եւ հարաբերությունները Մոսկվայի հետ - Mediamax.am

5019 դիտում

Թուրքիայի եվրասիականությունը եւ հարաբերությունները Մոսկվայի հետ


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Սեպտեմբերի 29-ին Սոչիում կայանալիք Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպմանն ընդառաջ առաջարկում ենք կարդալ Գալիպ Դալայի «Թուրքիայի աշխարհաքաղաքական եւ գաղափարախոսական եվրասիականությունը եւ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ» հոդվածը, որը հրապարակվել է ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի «Թուրքիայի մասին» շարքում:

 

Մինչ ցածր ծախսերով զուգորդված ավելի սերտ հարաբերությունները մի քանի շահ են բերում Ռուսաստանին, նույնը դժվար է ասել Թուրքիայի համար, հատկապես երբ խոսքը վերաբերում է հարաբերությունների արժեքին: Կարելի էր կազմել շահերի երկար ցուցակ, որոնք Ռուսաստանը ստանում է փոխազդեցությունից կամ համագործակցությունից: Թուրքիան միայն որոշակի շահեր է ստացել, օրինակ՝ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում խափանելով Քրդական ժողովրդավարական միություն կուսակցության ծրագրերը, սակայն դրա դիմաց բարձր գին վճարեց: Թուրքիայի կողմից Ռուսաստանից С-400 հրթիռային համակարգերի ձեռքբերումը հանգեցրեց ԱՄՆ F-35 ծրագրից նրա դուրս թողելուն եւ պատժամիջոցներին: Ավելի լայն իմաստով Ռուսաստանի հետ նրա ավելի սերտ հարաբերությունները բուռն բանավեճեր առաջացրեցին Արեւմուտքում:

 

Ի՞նչն է դրդում Թուրքիային ավելի սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ. սա կարեւոր հարց է, որն ունի մի քանի միմյանց չբացառող պատասխաններ: Բացատրությունների թվում են ավտորիտարիզմի աճող ալիքը երկրի ներսում, որը սրում է հարաբերություններն Արեւմուտքի հետ, Թուրքիայի հարմարեցումը տարածաշրջանային եւ միջազգային միջավայրին, որում Միացյալ Նահանգները նվազեցրել է իր աշխարհաքաղաքական ներկայությունը, աճող աշխարհաքաղաքական պառակտումը, ինչպես նաեւ նախագահներ Էրդողանի եւ Պուտինի անձնական ներգրավվածությունը սերտ եւ կայուն հարաբերությունների պահպանման գործում: Կա նաեւ փաստարկ, որ հարաբերությունների ամրապնդումը լավագույնս բացատրվում է գաղափարախոսությամբ՝ տվյալ դեպքում եվրասիականությամբ: Այնուամենայնիվ, այն գաղափարը, որ թուրքական եվրասիականությունը գաղափարական սոսինձ է ծառայում Ռուսաստանի հետ հարաբերություններում, լավագույն դեպքում անորոշ է:

 

Թուրքական եվրասիականությունը եւ դրա տարբեր դրսեւորումները

 

Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների բարելավումը եվրասիականության լույսի ներքո դիտարկելու միտումը երկու փոխկապակցված հարց է առաջացնում. Ի՞նչ է նշանակում թուրքական եվրասիականությունը եւ ի՞նչ է այն նշանակում Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: Թեեւ քննարկումն այս կամ այն ձեւով միշտ ընթանում էր հանրապետական դարաշրջանում, այնուամենայնիվ տարբեր ժամանակներում թուրքական եվրասիականությունը տարբեր իմաստներ ուներ: Գործն ավելի է բարդացնում աշխարհաքաղաքական եւ գաղափարական եվրասիականության միջեւ տարբերությունը: Երկու չափանիշների տարբեր համակցությունները հանգեցրին Սառը պատերազմի ավարտից հետո թուրքական եվրասիականության երեք տարբեր դրսեւորումների:

Լուսանկարը` REUTERS

Ներառու՞մ է եվրասիական տեսլականը Ռուսաստանը, թե՞ բացառում: Եվրասիականությունը դիտարկվում է Արեւմուտքի հետ համագործակցության, թե՞ մրցակցության մեջ:

 

Թուրքական եվրասիականության առաջին դրսեւորումը 1990-ականների սկզբին հակառուսական ու արեւմտամետ էր: Երկրորդը, որը կարելի է կապել նախկին արտգործնախարար Իսմայիլ Ջեմի պաշտոնավարման (1997-2002) հետ, Թուրքիայի ձգտումն էր իր դերը գտնելու հետսառըպատերազմյան աշխարհաքաղաքական իրականության մեջ: Երրորդ եւ ներկայիս դրսեւորումը նույնպես սկիզբ է առնում 2000-ականներին եւ կրում է հակաարեւմտյան գաղափարական դիրքորոշման ուժեղ տարրեր: Եթե եվրասիականության առաջին երկու դրսեւորումները կարող են դիտարկվել որպես աշխարհաքաղաքական, ապա երրորդը՝ գաղափարախոսական է:

 

Աշխարհաքաղաքական եվրասիականություն

 

Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիան Կենտրոնական Ասիայում ազդեցության հավանական գոտի տեսավ: Այս ժամանակահատվածում Արեւմուտքի աջակցությունը վայելող եվրասիականությունը նշանակում էր, որ Թուրքիան կարող էր առաջատար դեր խաղալ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի նորանկախ պետությունների գործերում: Հետեւաբար, այն նաեւ հիմնված էր Ռուսաստանի հետ մրցակցային օրակարգի վրա: Սակայն, չնայած այս զարգացումից օգտվելու ցանկությանը, Թուրքիային չհաջողվեց առաջատար դեր ստանձնել Կենտրոնական Ասիայում:

 

1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին եվրասիականությունը հիմնականում քննարկվում էր արտաքին գործերի սոցիալ-դեմոկրատ նախարար Իսմայիլ Ջեմի արտաքին քաղաքական տեսլականի հետ կապված, ում օրոք թուրք-ռուսական հարաբերությունները զգալիորեն բարելավվել էին: Նրա կարծիքով, Սառը պատերազմի ավարտը ծնեց նոր ձեւավորվող եվրասիական կարգ, որում կենտրոնական դեր կխաղա Թուրքիան: Սակայն Ջեմը չէր դիտարկում Թուրքիայի եվրասիական տեսլականը ոչ որպես Արեւմուտքի այլընտրանք, ոչ էլ Ռուսաստանի դեմ: Ավելի շուտ նա համարում էր, որ Արեւմտյան Եվրոպայի եւ Ասիայի արհեստական բաժանումը կավարտվի, եւ որ գլոբալ տեխնոլոգիական եւ տնտեսական գործընթացները կնպաստեն երկու տարածաշրջանների ինտեգրմանը: Այսպիսով, նրա կարծիքով, Եվրասիական կարգը ոչ հակաարեւմտյան էր, ոչ էլ հակառուսական: Ավելին, Ջեմի կարծիքով, Թուրքիայի եվրասիական քաղաքականությունը, չնայած հակառուսական օրակարգի բացակայությանը, բխում էր Արեւմուտքի շահերից:

 

Գաղափարախոսական եվրասիականություն

 

Եվրասիայի նկատմամբ Թուրքիայի վերջին շրջադարձը, որը մասամբ պայմանավորված էր Արեւմուտքի նկատմամբ աճող դժգոհությամբ, նպատակ ունի ավելի սերտ կապեր հաստատել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Թուրքիայի ներկայիս եվրասիականությունը, ըստ էության, գաղափարախոսական հաստատում է, եւ ոչ թե հետեւողական աշխարհաքաղաքական տեսլական: Դրա ամենավերջին դրսեւորումը կարելի է տեսնել «Կապույտ Հայրենիքի» ոչ ճշգրիտ, մշուշոտ եւ ոչ պաշտոնական աշխարհաքաղաքական հայեցակարգում:

Լուսանկարը` REUTERS

Այս հայեցակարգն իրականում նշանակում է երեք բան։ Նախ, այն ներկայացնում է ընդլայնված տեսլական եւ պատկերացում Միջերկրական ծովում Թուրքիայի ծովային սահմանների վերաբերյալ: Երկրորդը, այն ռազմածովային ուժերի կոչն է՝ վերաիմաստավորել եւ վերադիրքավորել երկիրը որպես ծովային տերություն: Երրորդը՝ գաղափարախոսական հայեցակարգ, որի համաձայն Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերն ավելի լավ են բավարարվում դեպի Ռուսաստան եւ Չինաստան վերակողմնորոշման միջոցով:

 

Կառավարությունը եւ «Կապույտ Հայրենիքի» հայեցակարգին սատարող ազգայնական եվրասիականները համաձայն են առաջին երկու տարրերի շուրջ: Ինչ վերաբերում է երրորդին, այստեղ տարաձայնություններ կան: Ի տարբերություն եվրասիական-ազգայնական խմբի՝ Թուրքիան դեպի Ռուսաստան եւ Չինաստան վերակողմնորոշելու ձգտումների, կառավարությունը, կարծես, գիտակցում է թուրք-ռուսական հարաբերությունների սահմանափակության խնդիրը։ Չնայած այս հայեցակարգն ընկալվում է որպես աշխարհաքաղաքական դոկտրին, որը, ըստ էության, հիմնված է գաղափարախոսական դրդապատճառների վրա, որոնց հիմքում դժգոհությունն է Արեւմուտքից:

 

Ընդհակառակը, Ռուսաստանի համար գաղափարախոսության դերն արտաքին քաղաքականության մեջ նվազագույն էր, եթե չասենք՝ լիովին բացակայում էր՝ չհաշված Արեւմուտքի նկատմամբ կասկածամտությունն ու դժգոհությունը: Այդ մասին է վկայոմ այն փաստը, որ Ռուսաստանը կարող է խոսել Մերձավոր Արեւելքի գրեթե բոլոր բեւեռների եւ խաղացողների հետ: Ռուսաստանի համար եվրասիականությունն աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ինտեգրման (օրինակ ՝ Եվրասիական տնտեսական միության հետ) տեսլական է, որը մասամբ լրացնում է Խորհրդային Միության փլուզումից հետո իր արտաքին քաղաքականության մեջ գաղափարախոսության անհետացման արդյունքում առաջացած դատարկությունը:

Լուսանկարը` REUTERS

Այսպիսով, եվրասիականությունը ոչ միայն տարբեր ժամանակաշրջաններում տարբեր իմաստներ էր ձեռք բերում Թուրքիայում, այլեւ այսօր տարբեր բաներ է նշանակում Թուրքիայի եւ Ռուսաստանի համար: Որպես այդպիսին, այն ամուր վերլուծական հիմք չի ապահովում նրանց հարաբերությունների համար, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի համատեքստում:

 

Ներկայում գերակշռող եվրասիականության գաղափարախոսական ընթացքը Թուրքիայում օգտագործում է աճող հակաարեւմտյան եւ հատկապես հակաամերիկյան տրամադրությունները կառավարական եւ հասարակական մակարդակներում`ավելի լայն լսարանի հասնելու համար: Սակայն կարեւոր է հիշել, որ հակաարեւմտականությունը շատ դեպքերում առաջ է բերում ավելի մեծ անկախության կամ ոչ դաշինքային կարգավիճակի ցանկությանը միջազգային հարաբերություններում: Այնուամենայնիվ, գաղափարախոսական եվրասիացիներն օգուտ են քաղում հակաարեւմտյան կլիմայից՝ առաջ մղելով իրենց գործը:

 

Թյուրքական աշխարհի գաղափարը

 

Ղարաբաղյան վերջին պատերազմում Ադրբեջանի հաղթանակը (որը մեծ հաշվով հնարավոր դարձավ Թուրքիայի անմիջական աջակցությամբ) կարող է ոգեշնչել Անկարային ձգտելու ավելի մեծ դերակատարության Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Եթե դա իրականացվի, ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Աֆղանստանում ներգրավվելու Թուրքիայի ձգտումները կարող են հանգեցնել նաեւ տարածաշրջանում ավելի մեծ դերակատարություն ունենալու ցանկության:

 

Հետեւաբար, Անկարան, ամենայն հավանականությամբ, կփնտրի այնտեղ գտնվող թյուրք ժողովուրդների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու ուղիներ, որոնք կարող են վերակենդանացնել թյուրքական աշխարհի գաղափարը՝ որպես արտաքին քաղաքականության մտավոր, գաղափարախոսական եւ քաղաքական շարժիչներից մեկը:

Լուսանկարը` REUTERS

Դա առաջին պլան կմղի թուրք-ռուսական հարաբերությունների մրցակցային, եթե ոչ թշնամական բնույթը: Ի վերջո, թյուրքական աշխարհի զգալի հատվածը նաեւ հետխորհրդային տարածքի մի մասն է, որը Ռուսաստանը համարում է իր աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտ եւ ծայրահեղ թշնամաբար է տրամադրված ցանկացած ոտնձգության նկատմամբ: Այլ կերպ ասած, այս տարածաշրջանում դերի որոնումը, ամենայն հավանականությամբ, կվերակենդանացնի աշխարհաքաղաքական եվրասիականությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, ինչը լավ նախանշան չէ գաղափարախոսական եվրասիականության եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների համար: Այսպիսով, Եվրասիայի նկատմամբ Թուրքիայի շրջադարձը, եթե այն լրջորեն իրականացվի աշխարհաքաղաքական տեսանկյունից, Թուրքիային դնելու է Ռուսաստանի հետ բախման ուղղության վրա, որի արձագանքները կզգան տարբեր տարածաշրջաններում եւ համատեքստերում:

 

Ռուսաստանում ծնված թուրքական ազգայնականության գաղափարախոս Յուսուֆ Աքչուրան այս սցենարը կանխատեսել էր ավելի քան մեկ դար առաջ: 1904 թվականին գրված «Քաղաքականության երեք տեսակներ. օսմանիզմը, (պան)իսլամիզմը եւ (պան)թյուրքիզմը» հայտնի աշխատության մեջ նա անդրադարձել է երեք հիմնական՝ քաղաքական, գաղափարախոսական եւ ինտելեկտուալ հոսանքներին, որոնք ուշ Օսմանյան ժամանակաշրջանում ձեւավորել էին էլիտաների քաղաքական եւ գաղափարական երեւակայություններ այն մասին, թե որ ճանապարհով է պետք անցնել փլուզվող կայսրությունը փրկելու համար:

Լուսանկարը` REUTERS

Աքչուրան պնդում էր, որ օսմանյան էլիտան պետք է կենտրոնանա թուրքական ազգայնականության եւ պանթյուրքականության վրա՝ կայսրության ճակատագիրը հետ շրջելու համար: Նա պնդում էր, որ Ռուսաստանը լինելու է հիմնական խոչընդոտը եւ հակառակորդը, մինչդեռ Արեւմուտքը, հավանաբար, կաջակցի այս քաղաքականությանը՝ թյուրքական հսկայական բնակչության վրա գերիշխող Ռուսական կայսրությունը թուլացնելու համար: Այն, ինչ այն ժամանակ ճշմարիտ էր, արդիական է նաեւ այսօր: Եթե Անկարայի արտաքին քաղաքականության մեջ գերիշխեն աշխարհաքաղաքական եվրասիականությունը եւ թյուրքական աշխարհի գաղափարը, առաջին զոհն անխուսափելիորեն կլինի գաղափարախոսական եվրասիականությունը, որը փորձում է Թուրքիային ավելի մերձեցնել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ՝ ընդդեմ Արեւմուտքի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին