Երեւան: Մեդիամաքս: 2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։
Այն վավերացվել է Հայաստանի Հանրապետության, բոլոր ԵՄ անդամ պետությունների եւ Եվրոպական խորհրդարանի կողմից։
Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի եւ գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության եւ ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաեւ ավելի լավ կրթության եւ հետազոտական հնարավորությունների ապահովումը։
«Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այնպիսի պահի, երբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ՝ հաղորդելով ուժեղ ազդակ առ այն, որ ԵՄ-ը եւ Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին եւ օրենքի գերակայությանը, ինչպես նաեւ բարեփոխումների ավելի լայն օրակարգին», - ասել է Եվրոպական միության Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը:
«Հայաստանի համար դժվար ժամանակներ են, այդուհանդերձ, Եվրոպական միությունը շարունակում է կանգնած լինել հայ ժողովրդի կողքին», - նշել է ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։
Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերին՝ դրա հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ մտել 2018-ի հունիսի 1-ից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: