Հարցվածների կեսից քիչն է Ռուսաստանին դաշնակից համարում - Mediamax.am

5289 դիտում

Հարցվածների կեսից քիչն է Ռուսաստանին դաշնակից համարում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի հասարակության դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ ավելի դրական է դարձել, սակայն հայաստանցիներն իրենց ապագան շարունակում են կապել Եվրոպական միության հետ։

Այս մասին են վկայում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից 2018թ. հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ն իրականացված հարցումների արդյունքները։ 

 

Հետազոտության հեղինակների խոսքով՝ 2017-ին իրականացված նույն հարցումների արդյունքները համեմատելիս պարզ է դարձել, որ 2018-ին հայ հասարակության շրջանում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հանդեպ վստահությունը որոշակիորեն աճել է։ 

 

2017-ին հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանին համարում եք Հայաստանի դաշնակից, հարցվածների 34%-ն էր դրական պատասխանել, իսկ 2018-ին դրական արձանագրումը կազմել է 41,21%։

 

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Ռուսաստանի հանդեպ դրական տրամադրվածության բարձրացումը մեծապես պայմանավորված է նրանով, որ ՌԴ-ն հեղափոխության ժամանակ իրեն զգույշ է պահել եւ խոչընդոտներ չի առաջացրել։ 

 

Նրա խոսքով՝ հետազոտության արդյունքները վկայում են, որ կոտրվում է այն կարծրատիպը, թե Հայաստանի քաղաքացիների մեծ մասը Ռուասաստանին դաշնակից է համարում։

 

2017-ի համեմատ Ռուսաստանի ընկալման հանդեպ դրական դինամիկան հայ հասարակության շրջանում մասամբ տարածվել է նաեւ ՀԱՊԿ-ի վրա։ Եթե 2017-ին քաղաքացիների 15,78%-ն էր համարում, որ ՀԱՊԿ-ն ապահովում է իրենց անվտանգությունը, ապա 2018-ին այդ թիվը կազմել է 20,99%։

 

Հարցին, թե կաջակցի արդյո՞ք ՀԱՊԿ-ը Հայաստանին, եթե Ադրբեջանի հետ պատերազմ սկսվի, հարցվածների 40,56%-ն է դրական պատասխանել, իսկ 59,44%-ը բացասական է արձագանքել։

 

2017-ին ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու մասին հարցին քաղաքացիների ավելի քան 88%-ը դրական պատասխան էր տվել։ 2018-ին այդ ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ կազմելով 86,85%։ 

 

Հարցին, թե արդյո՞ք նոր իշխանությունները պետք է ավելի խորացնեն Եվրոպական միության հետ հարաբերությունները, 86,85%-ը դրական է պատասխանել, իսկ 13,15%-ը՝ բացասական։ 

 

Հարցվածների 66,71%-ն իր ապագան կապել է Եվրոպական միության հետ, իսկ 33,29%-ը՝ ոչ։  

 

ՀՀ քաղաքացիների ավելի քան 69%-ը դրական է վերաբերվում ՆԱՏՕ-ին։ 

 

Սոցիոլոգիական հարցումն անցկացվել է 800 քաղաքացիների միջեւ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Վայքում, Եղեգնաձորում, Մարտունիում եւ այլ վայրերում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին