Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ մարտի 26-ին Բուլղարիայում կայացած հանդիպմանը Եվրամիությունը Թուրքիայի նախագահից չի ստացել իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մարտի 26-ին Վառնայում կայացել էր Եվրամիություն-Թուրքիա բարձր մակարդակի հանդիպումը:
«Ես բարձրացրել եմ մեզ հուզող բոլոր հարցերը՝ դա երկար ցանկ է: Եթե ինձ հարցնում եք՝ արդյո՞ք մենք որեւէ լուծումներ կամ փոխզիջումներ գտանք, ապա իմ պատասխանն է՝ ոչ», - Դոնալդ Տուսկի բառերը մեջբերում է Reuters-ը:
«Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ միայն առաջընթացն այդ հարցերում թույլ կտա բարելավել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, ներառյալ անդամակցության գործընթացը», - ավելացրել է Տուսկը: Այդուհանդերձ, նկատել է նա, որ «չնայած մեր հարաբերությունները դժվարին ժամանակներ են ապրում, այն ոլորտներում, որտեղ մենք համագործակցում ենք, մենք դա արդյունավետ ենք անում»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւս մեկնաբանել է Վառնայի հանդիպման արդյունքներն՝ ասելով, որ «հույս ունենք, թե Եվրամիության հետ բարդ ժամանակները թողեցինք անցյալում»:
Նա հայտարարել է, որ «Թուրքիան եւ Եվրամիությունը երկարաժամկետ ռազմավարական գործընկերներ են, եւ միությունը լուրջ սխալ կգործի՝ դուրս թողնելով Թուրքիային ընդլայնման քաղաքականությունից»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: