Երեւան: Մեդիամաքս: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը խորհուրդ է տվել Պատգամավորների պալատին քննարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը:
Ինչպես հաղորդում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» եվրոպական ամսագիրը, այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Յիրժի Օվչաչեկը։
Հունիսի 22-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ընդունել էր խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկին։
Մեդիամաքսը հիշեցնում է, որ այս տարվա հունիսի սկզբին Հայաստան կատարած պետական այցի շրջանակում Միլոշ Զեմանը, ՀՀ նախագահի հետ բանակցությունների ավարտից հետո, ասել էր.
«Կուզենայի ոչ միայն կրկնել իմ հայտարարությունը, որը հնչել էր նախագահ Սարգսյանի՝ Չեխիայի Հանրապետություն երկու տարի առաջ կատարած պետական այցի շրջանակում, երբ դատապարտեցի 1915թ. Ցեղասպանությունը, այլեւ այն պատճառով, որ նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ժողովուրդն էլ կմատնվեր նման ցեղասպանության:
Գիտեմ, որ Ցեղասպանությունը դատապարտել են Եվրամիության տասը անդամ երկրներ, իսկ ոչ անդամ երկրներից՝ Կանադան, Ռուսաստանը, Շվեյցարիան:
Բավական չէ իմ նախորդ հայտարարությունը կրկնելը, դրան կհետեւի իմ հաջորդ քայլը. կհորդորեմ խորհրդարանի նախագահին Գերմանիայի խորհրդարանի օրինակին հետեւել, որպեսզի Չեխիայի Հանրապետության խորհրդարանն էլ ընդունի նման հայտարարություն»:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: