Քաղաքագետի կարծիքով՝ Մոսկվային հեշտ չէ գործակցել Երեւանի հետ - Mediamax.am

6884 դիտում

Քաղաքագետի կարծիքով՝ Մոսկվային հեշտ չէ գործակցել Երեւանի հետ


Ռուսաստանցի քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը
Ռուսաստանցի քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը

Լուսանկարը` http://russiancouncil.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանցի քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով` Ռուսաստանին այսօր հեշտ չէ գործակցություն կառուցել Հայաստանի հետ:

«Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններն էլ ավելի բարդ կառուցվածք ձեռք բերեցին նրանից հետո, երբ Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: Դրանք հեշտ չեն, քանի որ ցանկացած դաշնակցային հարաբերություն իրենից գործընթաց է ներկայացնում: Շարունակաբար աշխատանք է տարվում շահերի հավասարակշռության պահպանման առումով»,- նշել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիրը «Վեստնիկ Կավկազա» պարբերականին տված հարցազրույցում:

 

«Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն ակտիվանում են: Դա, իհարկե, նյարդայնացնում է Հայաստանին, թեեւ Մոսկվան մշտապես ընդգծում է, որ Բաքվի հետ իր հարաբերությունները միանգամայն այլ բնույթ են կրում: Այնուամենայնիվ, Ադրբեջանի դերն օբյեկտիվորեն աճում է՝ ելնելով, այդ թվում, Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակից: Միայն այն փաստը, որ թեւավոր հրթիռները սիրիական թիրախների ուղղությամբ արձակվել էին Կասպից ծովից, արագ վերադարձնում է Հարավային Կովկասը մեծ քաղաքականության դաշտ»,- պարզաբանել է Ֆյոդոր Լուկյանովը:

 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարեւոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկխոսության պահպանումը Ղարաբաղյան կարգավորման շուրջ:

 

«Ես, անկեղծ ասած, դեռ չեմ տեսնում հակամարտության կարգավորման ուղիներ: Երեւում են միայն հավասարակշռության պահպանմանն ուղղված ջանքեր, որպեսզի պահպանվի այն գիտակցությունը, որ զինված ճանապարհով խնդիրը չի լուծվի: Դա միակ բանն է, որ այժմ կարելի է անել, քանի որ հակամարտության լուծման որեւէ քաղաքական նախադրյալ չի երեւում: Միեւնույն ժամանակ, երկխոսության պահպանումը, նույնիսկ եթե այդ երկխոսությունը արդյունք չի տալիս, տվյալ դեպքում շատ կարեւոր է»,- նշել է քաղաքագետը:

 

«Այդ երկխոսության դադարեցման հետեւանքով անխուսափելիորեն սրվում է իրավիճակը զինված ուժերի շփման գծում: Մենք առանց այդ էլ մշտապես դրա ականատեսն ենք լինում: Դրա համար պարբերաբար ձեռնարկվող Ռուսաստանի ջանքերը, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները գոնե խոսեն, միեւնույնն է՝ շատ կարեւոր են»,- եզրափակել է քաղաքագետը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին