Երեւան: Մեդիամաքս: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կարեւորում է ոչ պետական դպրոցների կողմից իրականացվող հեղինակային կամ այլընտրանքային ծրագրերի հանրակրթական չափորոշչի դրույթներին անպայմանորեն համապատասխանեցնելու հարցը:
Այդ մասին ասել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ոչ պետական հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ հանդիպմանը:
«Ոչ պետական դպրոցներն առավել ճկուն են իրենց գործունեությունը կազմակերպելիս, սակայն հեղինակային կամ այլընտրանքային ծրագրերն անհրաժեշտ է նախապես ներկայացնել փորձաքննության եւ կիրառել միայն նախարարի հրամանով հաստատումից հետո: Անկախ հանրակրթական հաստատության կազմակերպաիրավական ձեւից՝ կրթության օրենսդրության պահանջները պարտադիր են բոլոր դպրոցների համար»,- մեկնաբանել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Անդրադառնալով ոչ պետական դպրոցներում հանրակրթական պետական եւ առարկայական չափորոշիչների պատշաճ ներդրմանը, նա նշել է.
«Թեեւ գործընթացը բարդ է եւ երկար ժամանակ է պահանջում, սակայն կարեւոր է այն մշտական ուշադրության կենտրոնում պահելը, որպեսզի առավելագույն արդյունք ապահովենք: Հանրակրթության նոր չափորոշիչը փուլային եղանակով արդեն ներդրված է հանրակրթական դպրոցների 7 դասարաններում, հաջորդ տարի կներդրվի եւս 4 դասարաններում, եւ արդյունքում 11 դասարաններում ուսուցումը կկազմակերպվի նոր չափորոշչով: Բոլորիս սպասվող մեծածավալ աշխատանքներից ամենաառանցքայինն աշակերտակենտրոն մոտեցումների ապահովումն է»:
Հանդիպման օրակարգում էր նաեւ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ ոչ պետական դպրոցների ուսուցիչների ատեստավորման վերաբերյալ հարցը: Նախարարի տեղակալն ասել է, որ նշյալ դպրոցներն ունեն ուսուցիչների կարողությունների զարգացման գործընթացն իրականացնելու երկու տարբերակ.
«Ոչ պետական դպրոցները կարող են ատեստավորել ուսուցիչներին պետության ներդրած ծրագրով կամ մշակել կարողությունների զարգացման գործիքակազմ եւ նախարարության հաստատումից հետո այն գործարկել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: