Փաշինյանի առաջարկը կյանքի կոչվեց. «Հայաստանի պատմություն»՝ «Հայոց պատմության» փոխարեն - Mediamax.am

2283 դիտում

Փաշինյանի առաջարկը կյանքի կոչվեց. «Հայաստանի պատմություն»՝ «Հայոց պատմության» փոխարեն


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ «առարկայի ներկայիս անվանումը չի ներառում կամ հստակ չի ներկայացնում պետականության գաղափարը»:

 

«Պատմության ուսուցանումը առաջին հերթին պիտի միտված լինի ժամանակակից Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։ Այսպիսով, պատմության ուսուցանման միջոցով Հայաստանի Հանրապետության գոյությունը կներկայացվի պատմական իրադարձությունների եւ գործընթացների տրամաբանական շղթայի ներքո՝ նախորդող շրջանում տարբեր ձեւաչափերով հայկական պետության գոյության ժամանակահատվածներում շեշտադրելով պետության գաղափարի կարեւորությունը եւ պետականության ներքին ավանդույթը, պետության չգոյության ժամանակահատվածներում շեշտադրելով նման պետության ձեւավորմանը միտված հանրային քայլերն ու ջանքերը։ Միաժամանակ, Հայաստանից դուրս ձեւավորված համայնքները կներկայացվեն պետության եւ պետականության գաղափարի եւ դրա ամրապնդմանն ուղղված ջանքերի տեսանկյունից՝ արժեւորելով Սփյուռքում հայկական համայնքների ներուժը», - հաղորդում են կառավարությունից:

 

«Պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է։ Մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ այդ մտածողությունը միշտ չէ եւ ամենուր չէ, որ հասանելի է մեզ։ Մենք մի պրոցեսի մեջ ենք, որ հիմա փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը եւ կյանքը երեւում է բոլորովին այլ կերպ», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ, մասնավորապես, նշել է.

 

«Ուզում եմ եւս մեկ անգամ հստակ ասել, որ բովանդակային տեսանկյունից ամբողջ բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական ծրագրի մաս, եւ այս իմաստով՝ բովանդակության կտորների դուրս թողման մասին պնդումներն ուղղակի կապ չունեն իրականության հետ: Այն, ինչ փոխվում է՝ այդ դեպքերի, իրադարձությունների եւ իրողությունների ներկայացման ձեւն է, վերագնահատումն է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին