Հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչը - Mediamax.am

3440 դիտում

Հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչը


Լուսանկարը` Sue Clash


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչը, որի հիմքի վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) հաջորդաբար կհաստատի առարկայական ծրագրերն ու չափորոշիչները:

Կառավարության նիստում չափորոշիչը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

 

Պետության ակնկալիքը եւ պահանջը դպրոցից

 

Նախարարի տեղակալը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշիչը սահմանում է պետության ակնկալիքը եւ պահանջը դպրոցից` հանրակրթական բոլոր աստիճանների սովորողներից եւ շրջանավարտներից:

 

Կատարված ամենակարեւոր փոփոխությունը հայեցակարգային է, քանի որ նոր չափորոշիչը հիմնվում է սովորողի հմտությունների կարողունակությունների վրա: Հավասարապես շեշտադրվում են սովորողի գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումը եւ արժեքային համակարգը:

 

Սահմանվում են որակական այն պահանջները, որ շրջանավարտը պետք է ունենա դպրոցն ավարտելիս, նկարագրված են ակնկալվող վերջնարդյունքներն ըստ կրթական աստիճանների (տարրական, հիմնական եւ ավագ), կոմպետենցիաներն ու կարողունակությունները:

 

«Խուսափելով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումներից, երբ մենք ունենք ինքնաբավ առանձին առարկաներ, նախատեսվում է անցում կատարել ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տեսնել փոխկապակցված թեմաներ, առանձնացնել խաչվող թեմաները, եւ յուրաքանչյուր առանձին առարկայի միջոցով որոշակիորեն նպաստել ընդհանուր վերջնարդյունքի ձեւավորմանը: Սա նաեւ թույլ կտա էապես խուսափել կրկնություններից` առավել արդյունավետ օգտագործելով այն ժամանակը, որը երեխան ծախսում է դպրոցում: Առաջարկվող փոփոխությամբ ընդհանուր առմամբ դպրոցականների ծանրաբեռնվածությունը նվազեցվում է` չկրճատելով բովանդակային ծավալը եւ նպատակային դիտարկելով ավելի բարձր կրթական արդյունքը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

 

Նոր մոտեցումը, նախարարի տեղակալի հավաստմամբ, ավելի ճկուն աշխատելու հնարավորություն է տալիս: Օրինակելի ուսումնական պլանի հիման վրա սահմանելով հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը՝ միաժամանակ դպրոցները հնարավորություն կունենան դպրոցական եւ անհատական բաղադրիչի շրջանակում լինել ավելի ստեղծարար եւ սահմանել սեփական ուսումնական պլանը` հաշվի առնելով նաեւ սովորողի անհատական նախասիրությունները:

 

Պարտադիր առարկաներ եւ նոր նախագծային ուսուցում

 

Չափորոշչով սահմանվում են 7 ուսումնական բնագավառներ. «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայրենագիտություն», «Օտար լեզուներ», «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ եւ արհեստ», «Ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն»:

 

Հանրակրթության պետական չափորոշիչով պետությունը պարտադիր ուսուցման համար սահմանում է հիմնական հետեւյալ առարկաները. «Հայոց լեզու եւ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Օտար լեզու»: Նշված առարկաներն ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում` անկախ կազմակերպաիրավական ձեւից:

 

Ավագ դպրոցի բարեփոխում

 

Կարեւոր նորույթներից է անհատական բաղադրիչը, որն աշակերտի կարիքներից բխող ուսումնական ծրագիր ձեւավորելու եւ դրա հիմքով ավագ դպրոցի բարեփոխման հնարավորություն է տալիս:

 

«Այսպիսով կկարողանանք հրաժարվել այս պահին գործող հոսքային ուսուցումից եւ անցնել անհատականացված դասացուցակի` ըստ յուրաքանչյուր աշակերտի նախասիրության եւ մասնագիտական կողմնորոշման: Սա նաեւ թույլ կտա շտկել քաղաքային եւ գյուղական բնակավայրերի միջեւ այս պահին առկա անհավասարությունը, քանի որ գյուղական բնակավայրերում գործում են միջնակարգ դպրոցներ, եւ ի տարբերություն քաղաքների՝ չկան առանձնացված ավագ  դպրոցներ:

 

Ավագ դպրոցի բարեփոխմանը կնպաստի նաեւ մոդուլային ուսուցումը, որը սովորողին  հնարավորություն կտա հանրակրթության ավագ աստիճանում կարճաժամկետ դասընթացների միջոցով ձեռք բերել մասնագիտական կողմնորոշում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

 

Մյուս կարեւոր նորությունը 7-րդ դասարանից սկսած նախագծային ուսուցման ներդրումն է, որի նպատակն է զարգացնել աշակերտի ինքնուրույն, հետազոտական եւ ստեղծագործական կարողությունները, ինչը նաեւ համայնքային նախագծերում ներգրավվելու հնարավորություն կընձեռի:

 

Կրտսեր դպրոցը՝ առանց միավորային գնահատականի

 

Գնահատման համակարգում եւս կատարվում է կտրուկ փոփոխություն. առաջարկվում է կրտսեր դպրոցում հրաժարվել միավորային գնահատումից` կիրառելով խրախուսական բնութագրումներ, իսկ միավորային գնահատումը կգործի 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից: Առաջարկվում է նաեւ հրաժարվել «անբավարար» գնահատականից, ինչը նշանակում է, որ այլեւս չի գործի հաջորդ դասարան չփոխադրվելու, նույն դասարանում մնալու եւ կրթական ծրագիրը կրկնելու ինստիտուտը:

 

Վերջնական ներդրումը` 2023 թվականից

 

Առաջիկա մեկ ամսում կսահմանվի Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզ:  Մինչ համընդհանուր կիրառումը չափորոշիչը պետք է անցնի փորձարկում, որը կսկսվի 2021 թվականի սեպտեմբերից:

 

Նախատեսվում է իրականացնել լայնածավալ վերապատրաստումներ, ուսումնական նյութերի մշակումներ: Փորձարկման արդյունքները հաշվի առնելով` չափորոշիչը կլրամշակվի եւ 2023 թվականից կներդրվի բոլոր դպրոցներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին