Էնդի Սմարթ. Ինտերակտիվությունն աշակերտի եւ ուսուցչի միջեւ կապն է - Mediamax.am

exclusive
35143 դիտում

Էնդի Սմարթ. Ինտերակտիվությունն աշակերտի եւ ուսուցչի միջեւ կապն է

Էնդի Սմարթը
Էնդի Սմարթը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը`


Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սկսել է հանրակրթական պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացը։ 

 

Տեղի եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ մշակված փաստաթղթերը սահմանելու են առարկայացանկը, գնահատման համակարգը, դասավանդման մեթոդները, հենքային ուսումնական պլանը, կարողունակությունները, որ պետք է ունենա դպրոցն ավարտող աշակերտը։

 

Մեդիամաքսը զրուցել է չափորոշիչների վերանայման գործընթացի մասնակից, կրթության եւ հրատարակության հարցերով միջազգային խորհրդատու Էնդի Սմարթի հետ։ 

 

- Հասցրե՞լ եք ծանոթանալ Հայաստանի կրթական համակարգին:

 

- Հայաստանի կրթական համակարգն ուսումնասիրելու հնարավորություն դեռեւս չեմ ունեցել։ Կարճ ժամանակով Հայաստանում եղել եմ մայիսին, բայց հուսով եմ, որ այս եւ հաջորդ տարի ավելի հաճախ կայցելեմ։ Այս պահին իմ տեղեկությունները երկրորդ ձեռքից են, գիտեմ այն, ինչ լսել եմ ուրիշներից։ Կուզենայի սեփական դատողություններս անել։

 

- Հայաստանցի փորձագետները հաճախ նշում են, որ դասագրքերը չեն զարգացնում քննադատական մտածողությունը։ Ինչպե՞ս կարող են դասագրքերը նպաստել վերլուծական ու քննադատական մտքի ձեւավորմանը։

 

- Դասագրքերի որոշ գործառույթների եւ քննադատական մտածողության միջեւ «լարվածություն» կա, որովհետեւ շատ դպրոցներում եւ կրթական համակարգերում դասագրքերին մեծ դեր, լուրջ կարգավիճակ է վերապահված։ Դասագրքերը բոլոր հեղինակությունների ու արժեքների, ինքնության, պատմության մասին պնդումների աղբյուրն են, եւ դրանց նկատմամբ քննադատական մտածողությունը երբեմն ընկալվում է որպես մարտահրավեր բոլոր այդ հեղինակություններին։ Կախված առարկայից, կրթական մակարդակից՝ նույնիսկ փոքր երեխաների համար հնարավոր է գտնել քննադատական մտածողությունը զարգացնող հետաքրքիր մոտեցումներ՝ լինի մաթեմատիկայի, գիտության, թե լեզուների դասավանդման գործընթացում։  

 

Օրինակ՝ մաթեմատիկայի դեպքում երկրաչափական մարմինների մասին խոսելիս կարելի է տալ դրանց բնորոշումը եւ ցուցադրել օրինակները։ Մյուս կողմից՝ կարելի է աշակերտին թողնել ինքնուրույն ուսումնասիրել, հասկանալ՝ ինչ է երկրաչափական մարմինը։ Եթե ուսուցիչը զգա, որ կա քննարկում սկսելու հնարավորություն, եւ աշակերտն էլ զգա, որ կարող է արտահայտել իր կարծիքը, դա կլինի քննադատական մտածողության զարգացման արդյունավետ ձեւ։ Բարձր դասարանի աշակերտների հետ կարելի է խոսել պատմական իրադարձությունների տարբեր մեկնաբանությունների մասին եւ ավելի խոր քննադատական վերլուծության ենթարկել գրական տեքստերը։ Դա իսկապես հնարավոր է անել բոլոր առարկաների դեպքում, ցանկացած տարիքի ու մակարդակի աշակերտի հետ։

 

- Հայաստանում ծնողները հաճախ դժգոհում են դասագրքերի ծանրությունից։ Որոշ երկրներ փորձել են անցնել էլեկտրոնային դասագրքերի։ Ի՞նչ է ասում միջազգային փորձը։

 

- Սա լուրջ խնդիր է, որի լուծումը շատ երկրներ երկար ժամանակ փորձում են գտնել։ Ինչպե՞ս օգտագործել թվային միջոցները դասարանում. այս հարցի շուրջ խոսելիս պետք է նախ մտածել մանկավարժության այն տեսակի մասին, որին աջակցելու ենք այդ միջոցներով։ Խնդիրներ են առաջանում այն ժամանակ, երբ քաղաքականություն մշակողները մտածում են, որ թվային ռեսուրսները կարող են լուծել այլ խնդիրներ։ Չեմ կարծում, որ էլեկտրոնային գրքերն ու թվային միջոցները կլուծեն խնդիրը։ 

Շատ երկրներ տարբեր մոտեցումներ են փորձարկել։ Եթե նայենք Հարավային Կորեայի կրթության բարելավման վերջին շրջանի պատմությանը, ապա այս երկիրը պետք է լիներ էլեկտրոնային դասագրքերի անցման առաջամարտիկը։ Այդ մասին շատ էր խոսվում, բայց դա տեղի չունեցավ, որովհետեւ հարցն ուներ նաեւ անհանգստացնող կողմ, որը վերաբերում էր էլեկտրոնային գրքեր կարդացող երեխաների առողջությանն ու մանկավարժական խնդիրներին։ Կորեան դեռեւս կիրառում է ե՛ւ տպագիր, ե՛ւ էլեկտրոնային դասագրքեր։ Նույն իրավիճակն է շատ այլ երկրներում։ Թվային միջոցները բազմատեսակ են։ Իմ երկրում՝ Անգլիայում, թվային ուսումնական միջոցները միայն էլեկտրոնային դասագրքերը չեն, այլ ինտերակտիվ, «խելացի» գրատախտակները։ 

 

Կցանկանայի նշել, որ էլեկտրոնային դասագրքերի վերաբերյալ որոշ ուսումնասիրություններ հիմնված են սովորելու մասին տարբեր մոտեցումների վրա. գաղափարն աշակերտի անհատական աշխատանքն է սեփական համակարգչով եւ ուսուցման անհատական ծրագրով։ Այն ամբողջությամբ տարբերվում է կրթության ու մանկավարժության՝ շատ կրթական համակարգերում եւ ուսուցիչների կողմից ընդունված մոտեցումից: Շատ փորձագետներ այդ մոտեցումը համարում են ոչ հիմնական, լրացուցիչ զբաղվածություն, երբ աշակերտը կարող է որոշակի ժամանակ անցկացնել՝ զարգացնելով կոնկրետ հմտություններ։ Այդ փորձի արդյունքը կարող է օգտակար լինել ուսուցչի համար՝ հնարավորություն տալով հասկանալ աշակերտի ուժեղ եւ թույլ կողմերը։ Սա ուսուցման անհատական մոտեցումն է, որը չի կիրառվում դպրոցների մեծ մասում։ Աշակերտները սովորում են միասին՝ ուսուցչի առաջնորդությամբ, այլ ոչ թե միմյանցից եւ ինչ-որ չափով նաեւ ուսուցչից անկախ։

 

- Հայաստանն աստիճանաբար անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության։ Ի՞նչ արդյունավետ լուծումներ կարող եք առաջարկել, օրինակ, տեսողական խանգարումներ ունեցող երեխաների դասագրքերն ավելի մատչելի դարձնելու հարցում։

 

- Ես մասնագիտացած չեմ ներառական կրթության ոլորտում։ Կարծում եմ, որ այն ուսուցման դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեծ խնդրի մի մասն է։ Եթե խոսքը ոչ ճանաչողական դժվարությունների մասին է, որոշ իմաստով դա ռեսուրսի հարց է։ Եթե աշակերտը չտեսնող կամ թույլ տեսնող է, կարելի է պահպանել դասավանդման եւ սովորելու նույն միջավայրը՝ օգտագործելով հարմարեցված նյութեր։ Նախկինում թույլ տեսնող աշակերտներն օգտագործում էին մեծ տառաչափով տպագիր նյութ։ Հիմա դրանց փոխարինում են թվային գրքերը՝ համապատասխան գործառույթներով։ Բայց սա ընդամենը մի մասն է ավելի մեծ՝ հատուկ կարիքներով երեխաների կրթության կազմակերպման խնդրի, որովհետեւ այն պահանջում է ուսուցիչների վերապատրաստում, հարմարեցված միջավայր դպրոցում եւ, իհարկե, լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Դասագիրքն ինչ-որ չափով կարող է օգնել հաղթահարել սովորելու դժվարությունները, բայց եթե խոսքը ճանաչողական դժվարությունների մասին է, այս դեպքում ավելի կարեւոր են ուսուցչի վերապատրաստումը եւ հմտությունները։

 

Մի քանի օրինակ բերեմ։ Անգլիայում տպագրել էին դասագրքերի շարք տարբեր բարդության երկու հրատարակությամբ, եւ դպրոցներն իրենք էին որոշում՝ որն ընտրել: Նույն բովանդակությունն է, նույն նկարազարդումները եւ թեմաները, բայց տարբեր է բարդության աստիճանը, տարբեր են կոգնիտիվ պահանջները։ Սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում, որովհետեւ այս դեպքում ուսուցիչները կամ դպրոցները դասակարգում են իրենց աշակերտներին ու ըստ այդմ՝ նրանց համար ընտրում դասագրքեր: Բոլորին հավասար կրթության հնարավորություն ապահովող համակարգում միշտ էլ կլինեն խնդիրներ աշակերտներին որեւէ կերպ դասակարգելու շուրջ։ Որոշ դպրոցներ կարող են դասակարգել իրենց աշակերտներին՝ ձեւավորելով «արագների» ու «դանդաղների» դասարաններ, որոշ դպրոցներ կարող են այս նույն բաժանումը կատարել հենց դասարանի ներսում։ Սրանք վիճելի հարցեր են, եւ շատ են այսպիսի դասակարգումների սոցիալական ազդեցության մասին տարբեր կարծիքներ արտահայտող հետազոտությունները։

 

- Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ վերանայել եւ վերահրատարակել դասագրքերը, հատկապես եթե նկատի ունենանք, որ դրանք ֆինանսական մեծ միջոցներ են պահանջում։

 

- Սա, իհարկե, կապված է ուսումնական պլանի հետ։ Կառավարությունն է որոշում ուսումնական պլանի վերանայման ժամանակացույցը։ Որոշ երկրներում այն ունի հստակ  պարբերականություն, ինչպես ընտրությունների անցկացումը. ամեն 4 կամ 5 տարին մեկ ձեւավորվում է նոր ուսումնական պլան։ Այլ երկրներում այս գործընթացը պակաս կանոնավոր է։ Ուսումնական պլանի փոփոխությունն ազդում է դասագրքերի վերանայման ու հրատարակման ցիկլի վրա։ Եթե հրատարակիչներն են որոշում երբ  վերահրատարակել դասագրքերը, դա կարող են անել ցանկացած ժամանակ, որովհետեւ դասագրքերը դպրոցների համար ավելի հետաքրքիր դարձնելը կոմերցիոն հարց է։ 

 

Երկրից երկիր, առարկայից առարկա մոտեցումը տարբեր է։ Եթե խոսքը մաթեմատիկայի, լեզվի եւ գրականության դասագրքերի մասին է, դրանցում շատ փոփոխություններ պետք չէ ակնկալել։ Իհարկե, եթե չկա այս կամ այն հեղինակին կարդալու քաղաքական ճնշում, ինչը պատահում է, ուսումնական պլանը կլինի բավականին կայուն, եւ մեծ փոփոխությունների կարիք չի լինի։ Եթե խոսում ենք, օրինակ, սոցիոլոգիայի մասին, որը մեծապես կապված է ժամանակակից հասարակության հետ, ապա այս առարկայի դասագիրքը պետք է հաճախակի թարմացնել։ Հակառակ դեպքում աշակերտը դրա հեղինակությունը կդնի հարցականի տակ, եթե տեսնի, որ դասագիրքը հնացած է։

 

- Այսօր ունենք համացանց ու տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներ։ Դասավանդման ի՞նչ մեթոդների, ինչպիսի՞ բովանդակության կարիք ունենք, որպեսզի դասագրքերը մրցունակ ու հետաքրքիր լինեն նոր սերնդի համար։

 

- Նույնիսկ լավ ենթակառուցվածքներով, ինտերնետի լավ հասանելիություն ունեցող դպրոցներում  ուսուցիչն այդ միջոցները կարող է օգտագործել տարբեր ձեւերով։ Ոմանք կարող են ավելի բաց, չպարտադրող մոտեցում ցուցաբերել՝ թույլ տալով երեխաներին ինքնուրույն օգտվել համացանցից, ուսումնասիրություններ կատարել ամբողջ դասարանով, առանձին խմբերով կամ անհատապես։ Ուսուցիչների մեկ այլ խումբ կարող է բոլորովին այլ մոտեցում ունենալ, լինել շատ խիստ եւ սահմանափակել ինտերնետի օգտագործումը։ Որոշ դպրոցներ ունեն դասարանում հեռախոսի օգտագործման հստակ կանոններ։  

 

Երբեմն դա դպրոցի քաղաքականությունն է, երբեմն ուսուցիչն է որոշում՝ ինչ քաղաքականություն ընտրել դասապրոցեսը կազմակերպելիս։ Որոշ ուսուցիչների համար հեռախոսը հնարավորություն է, մյուսների համար՝ դասից շեղելու միջոց։ Ոմանք կարողանում են բալանսավորել երկու պահանջն էլ եւ դասի ընթացքում մի պահ ասել. «Ես ցանկանում եմ, որ դու այս առաջադրանքն անես հեռախոսով»։ Օրինակ՝ աշակերտը կարող է համացանցում փնտրել որեւէ հարցի պատասխան։ Սա դասարանում բջջային հեռախոսի շատ վերահսկելի օգտագործում է, բայց դրա համար բոլորը պետք է բջջային հեռախոս ունենան։

 

Շատ այլ ճանապարհներ կան տարբեր ռեսուրսներ օգտագործելու, եթե ունես դրանց ճիշտ հասանելիություն եւ տարբեր սարքավորումներ դասարանում, բայց, կարծում եմ, նախ պետք է դասագրքերն ավելի հետաքրքիր դարձնել։ Դասագիրքը կարող է լինել ավանդական՝ տպագիր, բայց կիրառվել տարբեր մեթոդներով, ինչը կարտահայտվի նաեւ ուսուցչի եւ աշակերտի միջեւ ինտերակտիվ կապի միջոցով։ Ինտերակտիվ ասելով՝ մարդիկ հաճախ հասկանում են թվային միջոցները։ Բայց առաջին հերթին ինտերակտիվությունը աշակերտի եւ ուսուցչի միջեւ կապն է։ Եթե այն կա, ապա դասը հետաքրքիր դարձնելու համար կարելի է օգտագործել այլ միջոցներ, ինչպես օրինակ՝ ինտերնետը կամ թվային նյութերը։

 

Էնդի Սմարթի հետ զրուցել է Լուսինե Ղարիբյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին