Պիտեր Թինդեմանս. Հայաստանի կրթական համակարգում որակի խնդիր կա - Mediamax.am

exclusive
14307 դիտում

Պիտեր Թինդեմանս. Հայաստանի կրթական համակարգում որակի խնդիր կա

Պիտեր Թինդեմանսը
Պիտեր Թինդեմանսը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը`


Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սկսել է հանրակրթական պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացը։ 

 

Տեղի եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ մշակված փաստաթղթերը սահմանելու են առարկայացանկը, գնահատման համակարգը, դասավանդման մեթոդները, հենքային ուսումնական պլանը, կարողունակությունները, որ պետք է ունենա դպրոցն ավարտող աշակերտը։

 

Ճշգրիտ գիտությունների դասավանդման խնդիրների մասին Մեդիամաքսը զրուցել է «Եվրոսայնսի» գլխավոր քարտուղար, գիտության փորձագետ Պիտեր Թինդեմանսի հետ։

 

- Գիտեմ, որ մինչեւ Հայաստան գալը հասցրել եք ծանոթանալ մեր երկրի կրթական համակարգին։ Առաջնային ո՞ր խնդիրները լուծելու ուղղությամբ պետք է աշխատել։

 

- Աշխատանքը սկսելուց առաջ Համաշխարհային բանկը եւ հայաստանյան գործընկերները բավականաչափ տեղեկատվություն էին տրամադրել մեզ, ինչը թույլ տվեց հասկանալ, որ կրթության համակարգում մի շարք լուրջ խնդիրներ կան, ինչպիսին է, օրինակ՝ որակի խնդիրը։ Ասվածի ապացույցը ցածր միավորներն են, որ Հայաստանը գրանցում է միջազգային վարկանիշային աղյուսակներում եւ զբաղեցնում շատ ցածր հորիզոնականներ։ Անհնար է ունենալ այսքան ցածր վարկանիշ, եթե կան բարձր որակավորմամբ ուսուցիչներ. ուրեմն, ցածր է նաեւ ուսուցիչների որակը։

 

Հայաստանում կրթական համակարգն այնպես է կառուցված, որ աշակերտները հիմնականում խուսափում են ուսումնասիրել STEM՝ (Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա-ԳՏՃՄ) առարկաները, ինչը լավ չէ։ Յուրաքանչյուրը պետք է գոնե նվազագույն պատկերացում ունենա կենսաբանությունից, ֆիզիկայից ու քիմիայից: Խնդրահարույց է նաեւ թեմաների կրկնությունը։ Գնահատումը եւս պետք է առավել պրոֆեսիոնալ արվի։

 

Հայ սոցիոլոգների հետ զրույցներից տեղեկացա մի խնդրի մասին, որն առկա է այլ երկրներում եւս։ Մայրաքաղաքի եւ գյուղական համայնքների միջեւ մեծ տարբերություն կա. խոսքը ուսուցիչների անհրաժեշտ թվի, որակի ու նման այլ հարցերի մասին է: Շատ են խնդիրները, բայց ուրախ ենք, որ Հայաստանի կառավարությունը, իսկապես, ցանկանում է այդ ուղղությամբ քայլեր անել: 

 

- Հասարակագիտության, սոցիոլոգիայի եւ ամենօրյա կյանքին սերտորեն առնչվող առարկաների ուսումնական պլանը, ենթադրվում է, պետք է պարբերաբար վերանայվի, դասագրքերը վերահրատարակվեն։ Ճշգրիտ գիտություններին առնչվող առարկաների բովանդակությունը, թվում է, փոփոխությունների շատ հնարավորություն չի տալիս։ Ի՞նչ պետք է հասկանալ STEM առարկաների «ուսումնական պլանի վերանայում» ասելով։

 

- Պատասխանը երկու մասի կբաժանեմ։ Նախ, չեմ կարծում, որ ճիշտ է մոտեցումը, թե STEM առարկաները, հատկապես՝ գիտությունը, փոփոխության ենթակա չեն։ Ճշգրիտ գիտությունների եւ հասարակության կյանքի փոփոխությունների միջեւ շատ սերտ կապ կա։ Օրինակ, վերջին 50 տարում կենսաբանության ոլորտում հսկայական փոփոխություններ են եղել: Եթե գենետիկայի մասին մեր այսօրվա իմացածը համեմատենք 50 տարի առաջվա հետ, ապա կտեսնենք, թե որքան մեծ դեր ունի այն այսօր բժշկության մեջ։

 

Շատ մեծ են կենսաբանության եւ հասարակության փոխազդեցությունները։ Նույնը կարելի է ասել կլիմայական փոփոխությունների մասին։ Քիմիան եւ ֆիզիկան շատ են օգնել՝ հասկանալու հասարակությանը մտահոգող այս խնդիրը։ Ամուր կապ կա գիտության, մասնավորապես՝ կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի եւ այն ամենի միջեւ, ինչ կատարվում է հասարակական կյանքում, մեզ շրջապատող աշխարհում։ 

 

Պատասխանիս երկրորդ հատվածը վերաբերում է ճշգրիտ գիտություններին առնչվող առարկաների ուսումնական ծրագրերի մշակմանը։ Կան որակի, կրկնությունների եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք տարբեր երկրներ տարբեր կերպ են լուծում։ Մի տարբերակը, որը քննարկել ենք Երեւանում, ուսումնական ծրագրի համապարփակ դիտարկումն է։ Պետք է հասկանալ՝ ինչպես կառուցել ուսումնական պլանը, որպեսզի 7-18 տարեկան աշակերտները գիտելիք ստանան, թեմաներն ուսումնասիրեն ճիշտ հաջորդականությամբ։ Սա նշանակում է, օրինակ, երեխայի հետ սկսել շրջակա միջավայրի ուսումնասիրությունից եւ  հետո՝ մինչեւ 12-րդ դասարան, խորացնել այդ գիտելիքները ֆիզիկայի, քիմիայի եւ կենսաբանության դասերին։ Այս քայլերն այսօր արվում են Հայաստանում, եւ սա այն է, ինչին հասել են շատ երկրներ՝ ստեղծելով ճշգրիտ գիտություններին առնչվող առարկաների համակարգված ուսումնական ծրագիր։

 

Եթե նայենք այսօր Հայաստանում կիրառվող ուսումնական պլանը, կտեսնենք, որ քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության բազմաթիվ թեմաներ ներառվել են այդ պլանում չհամակարգված ձեւով: Կարելի է ասել, որ այդ թեմաները չափազանց շատ են։ Միացյալ Նահանգները, եվրոպական շատ երկրներ, Հոնկոնգն ու Սինգապուրը հասկացել են, որ քիչն ավելի արդյունավետ է։ Ավելի լավ է կենտրոնանալ քիմիայի, ֆիզիկայի կամ կենսաբանության բազային գիտելիքների վրա, քան ներառել բոլոր թեմաները։ Շատ երկրներ որդեգրել են «հիմնական կարգապահական գաղափարներ» սկզբունքը, համաձայն որի ընտրում են 5-6 հիմնական գաղափար եւ զարգացնում դրանք 1-12-րդ դասարանի ուսումնական ծրագրում։ Սա, ընդհանուր առմամբ, կրկնություն է, բայց համակարգված։ Սա նպաստում է, որ աշակերտները հետաքրքրվեն գիտությամբ, սովորեն հիմնական գաղափարները, որպեսզի հետո ինքնուրույն կարողանան զարգացնել իրենց կարողությունները՝ օգտվելով համացանցից եւ այլ աղբյուրներից։ Բայց անհրաժեշտ է նրանց բացատրել գիտության կառուցվածքը, սովորեցնել գիտական առարկաները՝ ամենօրյա կյանքում մեր տեսածի, մեր փորձի համատեքստում։ Սա ավելի գրավիչ է եւ օգնում է ճանաչել շրջապատող աշխարհը։ Պետք է վերանայել ճշգրիտ գիտությունների դասավանդման ուսումնական ծրագիրը՝ աշակերտներին տալով ավելի լավ փորձառության հնարավորություն, քան այն, ինչ տալիս են դպրոցներն այսօր։

 

- Երբ աշակերտ էի, հաճախ մտածում էի, թե  STEM առարկաները սովորելու համար հատուկ կարողություններ են պետք։ Ի՞նչ անել, որ այդ առարկաներն ավելի հետաքրքիր ու պակաս «սարսափելի» լինեն աշակերտի համար։

 

- Նույն տպավորությունը ժամանակին ունեցել են նաեւ այն երկրները, որոնց կրթության մակարդակն այսօր բարձր է։ Իհարկե, միշտ էլ կան հատուկ կարողություններով աշակերտներ, եւ սա վերաբերում է նաեւ լեզուներին եւ պատմությանը։ Անկասկած, ցանկացած երեխա կարող է ընկալել քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի կամ կենսաբանության հիմնական գաղափարները։ Պետք է համոզված լինել, որ աշակերտը հասկանում է՝ իր սովորածը ոչ թե ընդամենը գիտելիք է, այլ իրեն շրջապատող աշխարհին առնչվող իրողություն։ Այսօր համացանցի առավելությունն այն է, որ կարող ես գտնել մարդկանց, որոնք շատ ժամանակ են ներդրել՝ ճշգրիտ գիտությունները երեխաներին ավելի հետաքրքիր մատուցելու համար։ Ես ճանաչում եմ մեկին, որն օգտագործում էր Հարի Փոթերի թեմաները քիմիայի փորձերի ժամանակ՝ ցույց տալու համար 3-6 տարեկան երեխաներին, թե որքան հետաքրքիր կարող են լինել քիմիան, ֆիզիկան, գիտությունը։ Շատ գիտնականներ փորձում են երեխաներին ցույց տալ, որ գիտությունը գեղեցիկ է ու կարող է նաեւ զվարճալի լինել։ Վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը կարող է ներգրավել Հայաստանի եւ սփյուռքի գիտնականներին, որոնք կդառնան շարժիչ ուժ եւ ավելի հետաքրքիր կդարձնեն գիտությունը երեխաների համար: 

 

- Հայաստանում փորձագետներն ասում են, որ տարեցտարի պակասում է STEM ուսուցիչ դառնալ ցանկացողների թիվը։ Ինչպե՞ս գիտությունը գրավիչ դարձնել երիտասարդների համար ու մոտիվացնել նրանց: 

 

- Ճանապարհներից մեկը՝ ցույց տալ, թե որքան հետաքրքիր եւ ուրախ է գիտությամբ զբաղվելը։ Երկրորդ, ուսուցչի աշխատանքը գրավիչ դարձնելու համար կառավարությունը պետք է վերանայի քաղաքականությունը՝ բարձրացնելով նրանց աշխատավարձը. խնդիր, որն առկա է շատ երկրներում։ Ֆինլանդիայում, որը հայտնի է իր գիտական կրթության բարձր մակարդակով, տարրական եւ միջին դպրոցի ուսուցիչները ստանում են այնքան, որքան համալսարանի դասախոսը։ Սա կարեւոր հանգամանք է եւ նպաստում է, որ տարրական դպրոցի ուսուցիչն ունենա բարձր ինքնագնահատական, ինչը գրավիչ է դարձնում նրա աշխատանքը: Այլ երկրներում տարրական դպրոցի ուսուցչի աշխատավարձը, դասախոսի համեմատ, շատ ցածր է։ Այսպիսով, վարձատրության եւ սոցիալական աջակցության միջոցով ուսուցիչներին գնահատելու կառավարության քաղաքականությունը շատ կարեւոր է։

 

Տարիներ առաջ աշխատում էի Ուգանդայում։ Մի ծրագրով  համալսարանի երիտասարդ դասախոսներին գործուղում էինք գյուղական համայնքների միջին դպրոցներ։ Նրանք ուսուցիչների եւ աշակերտների հետ քննարկում էին, թե ինչ է ժամանակակից կրթությունը։ Այս ամենը կարեւոր է գիտությունը երեխաների համար գրավիչ դարձելու տեսանկյունից, բայց սա նաեւ ցույց է տալիս մարդկանց, որ ուսուցչի աշխատանքը հետաքրքիր է՝ լինի տարրական դպրոցում, թե համալսարանում: Սա հասարակության ապագայի մեջ ներդրում կատարելու ճանապարհներից է։ Դու կրթում ես մարդկանց, նրանց տալիս ես գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ցանկացած ոլորտում ցանկացած աշխատանք կատարելու համար։

 

Այս տեսանկյունից ընկերությունները եւս մեծ անելիք ունեն։ Իմ երկրում՝ Նիդերլանդներում, ընկերություններն աշխատում են դպրոցների եւ կառավարության հետ համատեղ: Կազմակերպվում են ցուցահանդեսներ, էքսկուրսիաներ, որպեսզի երեխաները հասկանան, թե ինչպես է գիտությունը կիրառվում գործնականում։ Սա համակարգային մոտեցում է, որն օգնում է գիտությունը հետաքրքիր դարձնել երեխայի համար եւ, միաժամանակ, ցույց է տալիս, թե որքան կարեւոր է գիտության դասավանդումը։

 

Պիտեր Թինդեմանսի հետ զրուցել է Լուսինե Ղարիբյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին