Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 1-ին «Այբ» դպրոցն իր դռները կբացի 69 աշակերտների համար:
«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանն այսօր Մեդիամաքս-ին ասել է, որ դպրոցում կլինեն երեք 10-րդ եւ մեկ 11-րդ դասարաններ:
«Այբ» կրթական հիմնադրամից կրթաթոշակներ կստանան աշակերտների 72%-ը, որոնցից 63%-ի ուսումը ամբողջությամբ կֆինանսավորվի «Այբ» հիմնադրամի միջոցներով: Տարեկան ուսման վարձը համարժեք է $ 6.000-ին:
«Դպրոցի հիմնական նպատակն է, որ ավարտելուց հետո երեխան կարողանա գիտակցված ընտրություն կատարել իր հետագա մասնագիտության հարցում: Եթե երեխան որոշել է դառնալ լրագրող, ապա պետք է ծանոթանա այդ մասնագիտության առանձնահատկություններին արդեն դպրոցում: Ընդհանուր առմամբ, երեխաները պետք է կրեդիտներ հավաքեն 4 հիմնական ուղղություններից: Անշուշտ, առաջինը հիմնական առարկաներն են` մաթեմատիկա, հայոց լեզու, անգլերեն; Երկրորդը` արվեստն է, քանի որ կայացած անձնավորություն լինելու համար գեղեցիկին հաղորդ լինելը պարտադիր է. բոլոր երեխաները ներգրավված կլինեն արվեստի տարբեր խմբակներում: Երրորդը` սպորտն է, չորրորդը` հասարակական ակտիվությունը, որի շրջանակներում երեխաները կփորձեն օգտակար լինել հասարակությանը եւ իրենք կորոշեն` թե ինչպես»,- Մեդիամաքս-ին ասել է Դավիթ Սահակյանը:
«Այբ»-ի տնօրենն ընդգծել է, որ «Այբ»-ը հայկական դպրոց է, եւ իրենց նպատակն է ողջ աշխարհում ստեղծել հայկական դպրոցի բրենդ:
«Մեր տեսլականն է բացել հայկական դպրոցների ցանց ողջ աշխարհում: «Այբ» դպրոցում ուսուցումը տարվելու է հայերենով, իսկ անգլերենը լինելու է մեր երկրորդ աշխատանքային լեզուն»,-ասել է նա: