6 հարց ու պատասխան Ազդարարման հարթակի մասին - Mediamax.am

exclusive
3904 դիտում

6 հարց ու պատասխան Ազդարարման հարթակի մասին


Մարիամ Գալստյանը
Մարիամ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Գալստյանը
Մարիամ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Գալստյանը
Մարիամ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրը ներկայացնում է պետական մարմինների աշխատանքի թվայնացման ընթացքն ու գործիքները։

 

Արդեն մեկ տարի Հայաստանում գործարկված Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն կոռուպցիոն հանցագործության մասին իրենց ունեցած տեղեկությունները ներկայացնել առցանց։

 

ՀՀ գլխավոր դատախազությունից Մեդիամաքսին հայտնել են, որ  2019-20 թթ․-ին «Ազդարարման համակարգի» մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ստացվել են 281 կոռուպցիոն բնույթի հանցագործության մասին հաղորդում, որոնցից 235-ը եղել է անանուն:

 

Ստացված հաղորդումներից 119-ով մերժվել է ազդարարման վարույթի հարուցումը, 162 հաղորդման հիման վրա հարուցվել են ազդարարման վարույթներ, որոնցից 6 հաղորդումով հարուցվել են քրեական գործեր, 115 վարույթ կարճվել, ուղարկվել է ըստ ենթակայության կամ կցվել են հարուցված քրեական, իսկ 41 ազդարարման վարույթով շարունակվում են ձեռնարկվել ստուգողական գործողություններ:

 

Համակարգի մասին Մեդիամաքսը 6 հարց ու պատասխան է ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանի հետ:

 

1. Ե՞րբ է ստեղծվել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը եւ ի՞նչ նպատակով:

 

Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման անհրաժեշտությունը սահմանվել է 2017 թվականի հունիսի 9-ին ընդունված «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով: Երկու տարի անց՝ 2019 թվականի մայիսի 21-ին հարթակը գործարկվել է։

 

Ազդարարումն ուղղված է կոռուպցիոն բնույթի դեպքերը բացահայտելուն, կոռուպցիայի կանխարգելմանը եւ նվազեցմանը, ինչպես նաեւ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձեւավորմանը:

 

2. Ի՞նչ հնարավորություններ է տալիս ազդարարման միասնական հարթակը:

 

Հարթակը հնարավորություն է տալիս կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տվյալներ ունենալու դեպքում դրանք հաղորդել կամ անանուն, կամ տվյալներ ներկայացնելու եղանակով:

 

«Օրենքի մշակմանը եւ ընդունմանը նախորդող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացրած հարցումները վկայում էին, որ հարցվածների մեծամասնության պնդմամբ իրենք հրաժարվում է հաղորդում ներկայացնել կոռուպցիոն դեպքի մասին՝ վախենալով հետեւանքներից: Իսկ այս հարթակն արդյունավետ մեխանիզմ է, որը թույլ է տալիս միաժամանակ իրացնելու ազդարարման համակարգի ընդհանուր նպատակները եւ ազդարարների անանունության պահպանմամբ երաշխավորելու  վերջիններիս պաշտպանությունը»,- ասել է Մարիամ Գալստյանը:

 

Այսպիսով՝ հարթակը լուծում է երկու կարեւոր խնդիր.

 

Առաջին՝ հարթակի միջոցով հաղորդումներ են ներկայացվում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս իրավապահ մարմիններին հետագայում քրեական գործ հարուցել:

Մարիամ Գալստյանը Մարիամ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրորդ՝ հարթակի միջոցով ազդարարելու դեպքում անձը կարող է վստահ լինել, որ  Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, երաշխավորում է իր պաշտպանությունը:

 

3. Ինչպե՞ս կարելի է օգտվել հարթակից:

 

Ազդարարման էլեկտրոնային համակարգից օգտվելու քայլերը եւ եղանակները մանրամասն ներկայացված են պաշտոնական կայքէջում ներկայացված ուղեցույցում։

 

Մասնավորապես, հարթակի օգտագործման ուղեցույցում հստակ սահմանվում են, թե ինչ գործողություններ է անհրաժեշտ իրականացնել անանուն եղանակով կամ տվյալներ ներկայացնելու եղանակով ազդարարելու համար, ինչ պետք է անել ազդարարելուց հետո եւ ինչպես պետք է թաքցնել սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն:

 

4. Ազդարարի անանունությունը ինչպե՞ս է պաշտպանվում եւ ի՞նչ երաշխիքներով:

 

«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ  արդարադատության նախարարությունը երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:

 

Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով:

 

5. Ի՞նչ պետք է անի ազդարարը՝ տեղեկություններ հաղորդելուց հետո:

 

Ազդարարելուց հետո ազդարարը պետք է պահպանի մուտքի վավերապայմանները եւ պարբերաբար մուտք գործի համակարգ՝ ստուգելու հաղորդման ընթացքը: Հարթակ մուտք գործելու հետ կապված անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո կբացվի ազդարարման ներկայացման էջը, որի աջ մասում ներկայացվում են ազդարարման ներկա կարգավիճակը եւ ազդարարման վարույթի ընթացքը:

 

Էջի ձախ հատվածում հետադարձ կապի միջոցներն են, որոնցով ազդարարման քննարկման ընթացքում վարույթ իրականացնող մարմինը, հաղորդագրությունների միջոցով, կարող է կապ հաստատել ազդարարի հետ՝ հաղորդմանն առնչվող անհրաժեշտ տեղեկությունների եւ փաստերի հավաքման նպատակով:

 

6. Ինչպե՞ս է կատարվում ազդարարների կողմից ներկայացված հաղորդումների ստուգումը։

 

Հաղորդումը ներկայացնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունն իր իրավասության շրջանակներում ապահովում է միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը եւ անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:

 

Հանցագործության հատկանիշներ պարունակող եւ միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումը ենթակա է ստուգման, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի եւ պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել:

Մարիամ Գալստյանը Մարիամ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդումը փաստաթղթային տարբերակով ուղարկում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին: Իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայության դեպքում նախաքննության մարմինը քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հարուցում է քրեական գործ:

 

Արփի Ջիլավյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին