Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Japan Tobacco International-ի (JTI) վաճառքի աճը 2010թ. կազմել է 54%:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այդ մասին Ժնեւում (Շվեյցարիա) JTI-ի կենտրոնական գրասենյակ հայաստանյան եւ վրացական լրագրողների կատարած մամլո շրջագայության ընթացքում հայտնել է JTI Export Markets-ի կորպորատիվ հարցերի եւ հաղորդակցությունների գծով տնօրեն Ալեքսանդր Ավազաշվիլին:
Հայաստանում JTI ապրանքանիշի ծխախոտի (հայաստանյան շուկայում JTI-ի առավել հայտնի ապրանքանիշերն են Winston-ը, Camel-ը, Monte Carlo-ն եւ Sobranie-ն) վաճառքի աճի ցուցանիշը ամենաբարձրն է նախորդ տարի Հարավային Կովկասի երկրներում արձանագրված ցուցանիշներից (Վրաստանում աճը կազմել է 44%, Ադրբեջանում` 51%):
Հայաստանում JTI-ը զբաղեցնում է ծխախոտային ապրանքատեսակների շուկայի 10,3%-ը: AC Nielsen-ի տվյալներով, Հայաստանում ծխախոտի տարեկան սպառումը կազմում է 4,4 մլրդ հատ: Վրաստանում եւ Ադրբեջանում JTI ապրանքանիշերի շուկան կազմում է, համապատասխանաբար, 23,2% եւ 10,6%:
Ալեքսանդր Ավազաշվիլին նշել է, որ 2010թ. ամենահաջողն էր JTI-ի համար Հարավային Կովկասի երկրներում վաճառքի տեսանկյունից, որտեղ այն երրորդ խոշորագույն ծխախոտային ընկերությունն է վաճառքի ծավալով:
Խոսելով տեղական շուկայի առանձնահատկությունների մասին` Ալեքսանդր Ավազաշվիլին նշել է, որ Հայաստանում JTI-ն արձանագրել է գերբարակ ծխախոտի վաճառքի ամենաբարձր աճը ԱՊՀ-ում. Հայաստանում գնվող ծխախոտի 55%-ը գերբարակ սիգարետներն են: ԱՊՀ-ում այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Ադրբեջանը, որտեղ գերբարակ է գնվող ծխախոտի 43%-ը:
Japan Tobacco Inc.-ը (JT) աշխարհում մեծությամբ երրորդ ծխախոտային ընկերությունն է, գլխավոր գրասենյակը տեղակայված է Տոկիոյում: Euromonitor-ի տվյալներով, համաշխարհային շուկայում կորպորացիայի մասնաբաժինը կազմում է 10,5%: JT International-ը (JTI) «Japan Tobacco Inc.»-ի միջազգային ստորաբաժանումն է, որը ձեւավորվել է ճապոնական ընկերության կողմից R.J. Reynolds International ամերիկյան կոնցեռնի միջազգային ծխախոտային բիզնեսի ձեռք բերման արդյունքում: JTI-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ժնեւում:
Japan Tobacco ընկերության բաժնետոմսերի շուրջ 50%-ը պատկանում է Ճապոնիայի ֆինանսների նախարարությանը: Կորպորացիան ունի 8 համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշ` Winston, Camel, Mild Seven, B&H, Silk Cut, LD, Glamour եւ Sobranie:
JTI-ի ապրանքանիշերի առաքումը Հայաստան եւ Վրաստան ամբողջությամբ իրականացվում է Ուկրաինայի եւ Ռուսաստանի գործարաններից: JTI-ի արտադրանքն առաջին անգամ Հայաստանին մատակարարվել է 2000թ. օգոստոսին (Magna Classic, Camel и Winston): Հայաստանյան շուկայում ընկերության արտադրանքի ներկրողն ու դիստրիբյուտորը «Արսօյլ» ՓԲԸ-ն է: