Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) այսօրվա նիստում որոշում է կայացվել հակամրցակցային համաձայնության գալու համար բեռնափոխադրող չորս ընկերությունների նկատմամբ տուգանք կիրառել:
Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են հանձնաժողովի մամուլի ծառայությունից, մասնավորապես, “Չորս ընկեր” ընկերությունը տուգանվել է մոտ 55 մլն դրամով, “ՍՕՀՕ”-ն՝ 30 մլն, “Պրոֆ իմպրոտեքս”-ը՝ 10 մլն, “Նանիս”-ը՝ 5 մլն-ով:
Որոշման համաձայն, տնտեսվարողները պետք է տասնօրյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնեն տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն: Բացի այդ, նրանք պարտավոր են հետագայում բացառել օրենքի խախտումները:
Տարեսկզբին վերոնշյալ 4 տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների համար առեւտրականներից գանձվող վճարի չափը, որի պատճառով էլ առևտրականները բողոքի ցույցեր էին կազմակերպել:
Նույն աղբյուրների պնդմամբ, Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի դիմաց առեւտրականներից գանձվող գումարը $4-ից դարձել է $8, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ $7-ի փոխարեն $14:
Այս առնչությամբ ՀՀ ՊԵԿ-ը պաշտոնապես հավաստիացրել է, որ Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների դիմաց գանձվող մաքսավճարների փոփոխություն չի եղել, եւ խնդիրը վերաբերում է առեւտրականների եւ միջնորդ հանդիսացող բեռնափոխադրողների միջեւ փոխհաշվարկներին:
Հանձնաժողովը վերոհիշյալ տնտեսվարողներից պահանջել է հիմնավորումներ թանկացման վերաբերյալ: Դրանց հայտարարության մեջ նշված է, որ թանկացումը պայմանավորված է Թուրքիայում պահեստի վարձավճարի, թուրքական ընկերությունների աշխատակիցների սոցվճարների, պահեստների վարձավճարի աճով, ինչպես նաեւ Վրաստանում առաջացած չնախատեսված մեծ ծախսերով: Սակայն ընկերություններից եւ ոչ մեկը չի ներկայացրել որեւէ փաստաթուղթ, որով կհիմնավորվեին նրանց կողմից մատնանշված հանգամանքները: