ԱԽ քարտուղար․ Հայաստանն օգնության կոչով դիմել է Ռուսաստանին - Mediamax.am

2038 դիտում

ԱԽ քարտուղար․ Հայաստանն օգնության կոչով դիմել է Ռուսաստանին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ ադրբեջանական հարձակումը եղել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, ուստի Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ գոյություն ունեցող 1997թ․ պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։

«Սա բանավոր դիմում է, որը նաեւ գրավոր ընթացակարգ է ունենալու։ Մենք ուզում ենք հանրությանը եւ մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում։ Ակնկալում ենք, որ Ռուսաստանն օգնություն կտրամադրի եւ մենք հնարավորություն կունենանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու»,- ասել է նա՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

 

Արմեն Գրիգորյանն ասել է, որ եթե հնարավոր չլինի այս ճգնաժամը լուծել բանակցային ճանապարհով, ապա ակնկալվում է, որ ՌԴ-ն Հայաստանին կտրամադրի բավական ռազմական օգնություն, որպեսզի ՀՀ-ն կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել։

 

Արմեն Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանը փորձել է օգտագործել մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող զինված ուժերը, սակայն այսօրվա սրացումը կապված է Ադրբեջանի կողմից զրահատեխնիկա եւ հավելյալ ուժեր կիրառելու հետ։

 

ԱԽ քարտուղարն ասել է, որ նախապատրաստական աշխատանք է տարվում նաեւ ՀԱՊԿ-ին դիմելու ուղղությամբ։

 

«Մայիսին ստեղծված իրավիճակով դիմել էինք ՀԱՊԿ-ին, որպեսզի ճգնաժամը լուծենք։ Բավարար ջանքեր չի գործադրվել խնդիրը լուծելու համար, բայց շարունակելու ենք աշխատել։ Քանի որ ՀԱՊԿ-ի նախագահությունն այժմ գտնվում է Հայաստանի ներքո, ապա մենք նաեւ հավելյալ քայլեր կձեռնարկենք, որպեսզի ակտիվացնենք ՀԱՊԿ պայմանագրի շրջանակում նախատեսված գործիքակազմը»,- ասել է նա։

 

Նրա խոսքով՝ Հայաստանը առաջնահերթ կարծում է, որ ՌԴ եւ ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, «բայց եթե մենք չկարողանանք այն լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա ստիպված ենք լինելու այլ կառուցակարգերին դիմել»:

 

«Վերջին շրջանում Ադրբեջանը՝ չստանալով իր այնպիսի ցանկությունը, ինչպիսին է միջանցքը, սկսել է տորպեդահարել ամբողջ բանակցային գործընթացը՝ նույնիսկ ապաշրջափակման ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը փորձում է ընթացող խաղաղության գործընթացն ամբողջությամբ ապակայունացնել եւ տարածաշրջանում ստեղծել անկայուն վիճակ»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին