Երեւան: Մեդիամաքս: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը այսօր հայտնել է, որ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում պատերազմական հանցագործությունների հետեւանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել է մոտ 2700 միավոր գույք ու ենթակառուցվածք:
19 զոհերի թվում 1 մանկահասակ աղջիկ կա, 7 կին եւ 11 տղամարդ:
Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) եւ Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) եւ Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ):
Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60-ը ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 48-ը արական, իսկ 12-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 2100 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ եւ այլն), ավելի քան 240 մեքենա, շուրջ 350 ենթակառուցվածքային ու արտադրական նշանակության օբյեկտներ:
«Ստեփանակերտում ու մի շարք այլ բնակավայրերում ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ու կետային կերպով սկսել են թիրախավորել կենսական նշանակության ենթակառուցվածքները, ինչը լրջագույն պատերազմական հանցագործություն է՝ խորացնելով Արցախում առկա մարդասիրական ճգնաժամը»,- շեշտել է Բեգլարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: