Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդես է եկել պարզաբանմամբ՝ բանակում կորոնավիրուսի դեպքերի հետ կապված։
«Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ:
Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են եւ առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից, նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։
Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որեւէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։ Զինծառայողներից մեկի մոտ առկա է ջերմության թույլ բարձրացում, իսկ երկուսը չունեն ջերմություն եւ հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ:
Հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ եւ արդյունավետ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտարարել է նախարարը։
Նա տեղեկացրել է, որ պարզված է զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը եւ նրանք եւս մեկուսացված են։
Վիրուսի առկայության թեստավորման նպատակով եւս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:
«Տվյալ զորամասում, որը տեղակայված է առաջնագծից զգալի հեռավորության վրա, հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է բժշկական մշտադիտարկում։
Միաժամանակ հարկ եմ համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ Պաշտպանության բանակում առ այսօր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որեւէ դեպք չի արձանագրվել:
ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկված լայնածավալ կանխարգելիչ միջոցառումները: Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացվող համալիր հակահամաճարակային միջոցառումների եւ կիրառվող խիստ սահմանափակուների արդյունքում շեշտակի նվազել է ոչ պակաս վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների քանակը, ինչը միանշանակ վկայում է իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին:
Մասնավորապես, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «սուր շնչառական հիվանդություններով», «ջրծաղիկով», «անգինայով» հիվանդացությունները նվազել են 4 անգամ, իսկ աղիքային վարակով հիվանդներ ներկայումս ԶՈՒ անձնակազմի շրջանում ընդհանրապես չկան:
Հատկանշական է, որ վերջին տարիներին 5 անգամ նվազել է «թոքաբորբով» հիվանդացությունը, իսկ ծանր ընթացքով «թոքաբորբերի» քանակը՝ 10 անգամ, ատիպիկ ընթացքով եւ մահվան ելքով «թոքաբորբեր» զինված ուժերում չեն արձանագրվել»,- ամփոփել է Դավիթ Տոնոյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: