Իզմիրլյան հիմնադրամը $ 5 միլիոն կտրամադրի Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանի կրթական համալիրի (կամպուսի) վերակառուցման ծրագրի համար։ Համապատասխան հուշագիրը Իզմիրլյան հիմնադրամը եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը Երեւանում կնքեցին դեկտեմբերի 13-ին:
2000-2011 թթ. Իզմիրլյան հիմնադրամը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ ամսական նպաստներ է հատկացրել զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ 2002 թվականից ի վեր նախաձեռնել եւ 14 տարիների ընթացքում իրականացրել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների հոգեբանական աջակցության դասընթացների ծրագիրը:
Ամիսներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիմնադրամին էր ներկայացրել զինվորական կրթության համակարգի արմատական բարեփոխման ծրագիրը:
Մասնավորապես, ներկայացվել էր Դիլիջան տեղափոխված Մոնթե Մելքոնյան վարժարանի զարգացման հայեցակարգը եւ նշվել էր, որ հաջորդիվ պետք է կատարվի երկրորդ կարեւոր քայլը եւ բարեփոխման ծրագիր սկսվի սպաներ պատրաստող գլխավոր ուսումնական հաստատությունում՝ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանում:
Պատահական չէ, որ պաշտպանության նախարարությունը դիմել էր հենց Իզմիրլյան հիմնադրամին: 1996-1998 թթ. հիմնադրամի միջոցներով են կառուցվել Ռազմական համալսարանի երկու զորանոցային մասնաշենքերը, իսկ 1998-2001 թթ․ իրականացվել են համալսարանի ջերմաէներգետիկ համալիրի եւ խոհանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքները։
Լուսանկարը` Իզմիրլյան հիմնադրամ/QCA
Պաշտպանության նախարարության ներկայացրած հայեցակարգը ենթադրում է, որ Ռազմական համալսարանի առաջին եւ երկրորդ կուրսերի ուսանողները կշարունակեն բնակվել զորանոցներում, որոնք կվերանորոգվեն եւ կհամապատասխանեցվեն արդի պահանջներին: Երրորդ եւ չորրորդ կուրսերի ուսանողներին կառաջարկվեն հանրակացարանային սենյակներ:
Ռազմական համալսարանի չորս մասնաշենքերից երկուսը կվերափոխվեն հանրակացարանների: Բացի դրանից, չորս մասնաշենքերի միջեւ ընկած տարածքներում կկառուցվեն ապակե տանիքով շինություններ, որոնք շինությունները կկապեն միմյանց՝ ձեւավորելով միասնական ժամանակվանից համալիր:
Լուսանկարը` Իզմիրլյան հիմնադրամ/QCA
Այդ նոր տարածքները կծառայեն ուսանողների կրթական եւ մարզական կարիքների համար, այստեղ նախատեսվում է ունենալ նաեւ Թումո կենտրոն:
Լուսանկարը` Իզմիրլյան հիմնադրամ/QCA
Ծրագրի իրականացման հստակ ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ վերջնական նախագիծը պատրաստման փուլում է: Սակայն նախաձեռնության հեղինակները ցանկություն ունեն Ռազմական համալսարանի վերակառուցումն ավարտել երկու տարվա ընթացքում: Այդ ժամկետը պատահական չէ՝ երկու տարի հետո Մոնթե Մելքոնյան վարժարանից դուրս կգան 2017 թվականին ընդունված սաները եւ ցանկալի է, որ նրանք ուսումը շարունակեն այնպիսի պայմաններում, որոնք չեն զիջի նրանց, ինչ նրանք ունեցել են Դիլիջանում:
Ըստ նախնական հաշվարկների, ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է $ 7.5 միլիոն: Իզմիրլյան հիմնադրամը կհատկացնի $ 5 միլիոնը, իսկ մնացած մասի ֆինանսավորումը կհայթայթի ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: