Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանին Արիության մեդալով հետմահու պարգեւատրելու մասին:
Հունիսի 26-ին զոհված զինծառայողը պարգեւատրվել է «Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության եւ անձնազոհության համար»:
Պաշտպանության նախարարությունն այսօր մանրամասներ է ներկայացրել միջադեպի մասին:
«Հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, Նախիջեւանի առանձին համազորային բանակն ունի զոհեր եւ վիրավորներ: Դժբախտաբար, փոխհրաձգության ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել նաեւ ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանը», - ասված է հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը եւ հղի է իրադրության կտրուկ ապակայունացման վտանգով, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության, ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմից իրավիճակի սրման ուղղված գործողությունը համընկնում է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի ավարտի եւ Ադրբեջանի ԶՈՒ կազմավորման տարեդարձի հետ, ինչը վերահաստատում է այդ պետության ռազմատենչ քաղաքականության շարունակությունը եւ միջազգային հանրության կողմից բազմիցս առաջարկված ու Հայաստանի կողմից ընդունված՝ շփման գծում իրավիճակը վերահսկելու, վստահության ամրապնդման ու միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհրաժեշտությունը:
Միաժամանակ, կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված սադրիչ քայլերից եւ ջանքեր գործադրել Եվրոպական խաղերի ողջ ընթացքում սահմանագծում հաստատված հարաբերական հանգիստ իրավիճակը այսուհետ եւս պահպանելու ուղղությամբ», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: