Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության վնասների հատուցման պահանջի հստակ ձեւակերպումը կօգնի Թուրքիային ձերբազատվել «Սեւրի սինդրոմից» եւ ճանաչել XX դարասկզբի առաջին ցեղասպանությունը:
Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Բանակցության երեւանյան կենտրոնի ավագ խորհրդատու, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հումանիտար եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Թովմաս Սամուէլյանը:
Բանակցության երեւանյան կենտրոնի նախաձեռնությամբ վաղը Երեւանում կմեկնարկի «Հայոց Ցեղասպանության ճանաչում եւ հատուցում. պատմական արդարության վերականգնման ուղին» թեմայով համաժողովը, որի ընթացքում կարծարծվեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ռազմավարությունը, հատուցման իրավաքաղաքական ուղիները եւ այս համատեքստում Հայաստանի իրականացրած դիվանագիտական քայլերը:
«Նման համամարդկային հանցագործությունների ճանաչումը ենթադրում է նաեւ տուժող կողմի, տվյալ դեպքում՝ հայերի կրած վնասների հստակ նկարագրություն: Առանց հատուցման հնարավոր չէ խոսել ճանաչման մասին: Եվ այս տեսանկյունից, հատուցման մասին մեր պահանջի հստակ ձեւակերպումը կարող է միայն խթանել, որպեսզի Թուրքիան ճանաչի դարասկզբի առաջին ցեղասպանությունը: Երբ պարզ է, թե տուժող կողմն ինչ է պահանջում, այդ ժամանակ հանցագործության համար պատասխանատուներն ավելի հակված են լինում ընդունելու իրենց մեղքը: Որքան անորոշ ենք թողնում մեր պահանջատիրության ձեւակերպումը, այնքան ավելի շատ է մեղադրվող կողմը հրաժարվում իր պատասխանատվությունից»,- ասել է Թովմաս Սամուէլյանը:
Բանակցության երեւանյան կենտրոնի ղեկավար Ստեփան Խզրթյանն իր հերթին նշել է, որ համաժողովն իր նպաստը կբերի պահանջատիրության ձեւակերպման եւ հատուցման համար հայկական կողմից տարվող աշխատանքներին:
«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մենք ունենք լավ հնարավորություն վերստին բարձրաձայնելու այս հարցի շուրջ մեր տեսակետները ոչ միայն տեղական, այլեւ համաշխարհային լսարանին: Պետք է հասկանալ եւ ցույց տալ, որ սա ոճիր էր՝ ուղղված ոչ միայն հայության, այլ մարդկության դեմ»,- ասել է կենտրոնի ղեկավարը:
Ստեփան Խզրթյանը տեղեկացրել է, որ համաժողովի մասնակցության հրավերներ են ուղարկվել եւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներին եւ միջազգային կազմակերպություններին եւ ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային փորձագետներին: Ընդհանուր առմամբ, համաժողովի մասնակիցների թիվը կգերազանցի 400-ը:
Ստեփան Խզրթյանի փոխանցմամբ, համաժողովին ակնկալվում են նաեւ մասնակիցներ Թուրքիայից:
Վաղը մեկնարկող համաժողովի բանախոսներից կլինեն Հայաստանի նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վահան Փափազյանը, ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Մոդուս Վիվենդի կենտրոնի հիմնադիր եւ նախագահ Արա Պապյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: