Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն այսօր հույս է հայտնել, որ Թուրքիան առաջիկա տարիներին կմտածի հայերից ներողություն խնդրելու մասին:
«Այն, ինչին մենք հասանք Երկրորդ համաշխարհայինից հետո, մեծ աշխատանքի եւ ջանքերի արդյունք էր: Մենք հասկացանք, որ պետք է ներողություն խնդրել, հաշտեցման դիրք բռնել: Հույս ունենք, որ Թուրքիան առաջիկա տարիներին կմտածի այս հարցի շուրջ: Թուրք հասարակության մեջ որոշակի շարժումներ են նկատվում, այնպես որ առաջընթացի հույս կա», - ասել է Գերմանիայի դեսպանը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչն, իր հերթին, նշել է, որ Թուրքիան կարեւոր գործընկեր է ՆԱՏՕ-ի շրջանակներում եւ «մենք աջակցում ենք այն աշխատանքներին, որոնք Թուրքիան իրականացնում է Եվրամիությանն ավելի մոտ դառնալու համար»:
«Միեւնույն ժամանակ, մենք աջակցում ենք հայ-թուրքական հաշտեցման գործընթացին՝ Եվրամիությունը եւ անդամ-երկրները ողջունել են 2009թ. արձանագրությունների ստորագրումը: Հույս ունենք, որ 2015 թվականը, որը շատ խորհրդանշական է հայերի համար, որոշակի քայլ առաջ կդառնա հայ-թուրքական հաշտեցման գործընթացում», - ասել է Քեթրին Լիչը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: