Երեւան: Մեդիամաքս: Այսօր լրանում է հայ-թուրքական արձանարգությունների ստորագրման 5-րդ տարին:
2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» Արձանագրությունները:
Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը եւ հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» եւ առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:
2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին:
Այս տարվա սեպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում, Հայաստանի ղեկավարն ասաց, որ պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը:
Մեդիամաքս-ի «Հատուկ թղթապանակ» հատուկ նախագծում «ֆուտբոլային դիվանագիտության» ակունքների, Շվեյցարիայի միջնորդության, բանակցությունների մթնոլորտի եւ արձանագրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին Մեդիամաքս-ին պատմել էր գործընթացի գլխավոր մասնակիցներից մեկը` շվեյցարացի պաշտոնաթող դիվանագետ Մայքլ Ամբյուլը:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: