Մոսկվան եւ Անկարան այլեւս Նախիջեւանի երաշխավորներ չեն լինի - Mediamax.am

Փետրվար 10, 2026
260 դիտում

Մոսկվան եւ Անկարան այլեւս Նախիջեւանի երաշխավորներ չեն լինի


Մոսկվայի պայմանագրի ստորագրումը
Մոսկվայի պայմանագրի ստորագրումը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Moscow and Ankara to Lose Status as Guarantors of Azerbaijan’s Nakhchivan հոդվածի թարգմանությունը, որի հեղինակ Փոլ Գոբլը 1990-ականների կեսերին հանդես էր գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակման գաղափարով։

 

Փոլ Գոբլ

 

Նախիջեւանի՝ Ադրբեջանի ինքնավար կազմավորման եւ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի էթնիկ ինժեներիայի ամենաճակատագրական գործողություններից մեկի կարգավիճակը շուտով փոխվելու է։ Ինքնավար հանրապետության խորհրդարանը փետրվարի 2-ին դիմել է Բաքվին՝ հաստատելու նոր սահմանադրական ձեւակերպումը, որը բացառում է որեւէ հղում 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին, որոնց համաձայն Մոսկվան ու Անկարան դարձան Նախիջեւանի կարգավիճակի եւ սահմանների երաշխավորները։

 

Այս որոշումը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախագծի կարեւոր մաս կազմող տարածաշրջանի կարգավիճակն ու սահմանները փաստացիորեն դնում է բացառապես Բաքվի վերահսկողության տակ։

Լուսանկարը` REUTERS

Քիչ հավանական է, որ Թուրքիայի կառավարությունն անհանգստացած լինի այս քայլով, քանի որ Ադրբեջանի հետ հարաբերություններում նրա դիրքերն ամրագրված են ավելի ուշ շրջանի երկկողմ պայմանագրերով։ Մոսկվան, սակայն, ամենայն հավանականությամբ, փորձելու է հակազդել։

 

Նախիջեւանի պատմությունը վերջին հարյուրամյակում լի էր դրամատիկ իրադարձություններով։ Երբ Կարմիր բանակը 1920 թվականի հուլիսին վերականգնեց Մոսկվայի վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ, այն սկզբում տարածքը հանձնեց Հայաստանին, իսկ այնուհետեւ՝ Ադրբեջանին։ Հարավային Կովկասի նկատմամբ խորհրդային վերահսկողությունն ապահովելու եւ դեպի Ադրբեջան ու Կենտրոնական Ասիա Թուրքիայի անխոչընդոտ ցամաքային ուղին արգելափակելու համար Ստալինը, որն այն ժամանակ Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերով ժողովրդական կոմիսարն էր, տարածաշրջանի սահմանները գծեց այնպես, որ Նախիջեւանը բուն Ադրբեջանից անջատեց հայկական Սյունիքի մարզով։ 1921 թվականին Կրեմլը կազմակերպել էր Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ երկու փաստաթղթերի՝ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի ստորագրումը, որոնք հռչակեցին, որ թեեւ Նախիջեւանը Ադրբեջանի մաս է հանդիսանում, Մոսկվան եւ Անկարան հանդիսանում են թե՛ նրա կարգավիճակի, թե՛ սահմանների երաշխավորները։ 1922 թվականին Խորհրդային Միության կազմավորումից հետո Նախիջեւանը ֆորմալ առումով դարձավ Ադրբեջանի մաս։

 

Նույնիսկ խորհրդային շրջանում բազմաթիվ ադրբեջանցիներ երազում էին բուն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Զանգեզուրի միջանցքի վերականգնման մասին, ճիշտ այնպես, ինչպես շատ հայեր հույս ունեին Հայաստանին միացնել Ղարաբաղը, որտեղ էթնիկ հայերը մեծամասնություն էին կազմում։ Սակայն մինչեւ 1988 թվականին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության սկիզբը, ադրբեջանցիները կարող էին Հայաստանի տարածքով մեկնել Նախիջեւան, իսկ Ադրբեջանի էթնիկ հայերը, ներառյալ Ղարաբաղը, կարող էին այցելել Հայաստան, քանի որ ամբողջ տարածաշրջանը գտնվում էր խորհրդային վերահսկողության ներքո։ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց։ Պատերազմի մեծ մասի ընթացքում՝ 1988-ից մինչեւ 1994 թվականը, Հայաստանը վերահսկում էր Ղարաբաղը եւ Ադրբեջանի հարակից տարածքները, մինչդեռ Ադրբեջանը զրկված էր Հայաստանի տարածքով Զանգեզուրի միջանցքն օգտագործելու հնարավորությունից՝ Նախիջեւան դուրս գալու, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ առեւտուր իրականացնելու համար։

 

2020 թվականին, երբ ադրբեջանական զորքերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում հետ գրավեցին Ղարաբաղի մեծ մասը, Զանգեզուրի հարցը (ինչպես ադրբեջանցիներն անվանում են միջանցքը) կրկին սրվեց, հատկապես այն պատճառով, որ դրանով իրականացվող առեւտուրն էլ ավելի մեծ կարեւորություն ձեռք բերեց բազմաթիվ կողմերի, այդ թվում՝ Չինաստանի եւ Եվրոպական միության համար։

 

Միջազգային համակարգը լիովին հասկանալի պատճառներով զգուշանում է պետական սահմանների ցանկացած փոփոխությունից, իսկ Ռուսաստանն ու Իրանը հանդես են գալիս կոնկրետ Հարավային Կովկասում փոփոխությունների դեմ։ Չնայած դրան, շատ դիտորդներ համոզված են, որ Բաքուն եւ Անկարան երբեք չեն հրաժարվի Զանգեզուրի միջանցքի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողություն հաստատելու հույսերից։

 

Այս թեմայով շահարկումներն ավելի ուժեղացան 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովից հետո։ Մի կողմից, Արեւմուտքում շատերը Վաշինգտոնում ձեռք բերված խաղաղության մասին պայմանավորվածությունները եւ TRIPP-ի իրականացման ծրագրերը դիտարկում էին որպես լուծում։ Մյուս կողմից, Մոսկվայում եւ Թեհրանում դրա մեջ տեսնում էին ոչ միայն սպառնալիք «Հյուսիս-Հարավ» առանցքով առեւտրին, այլեւ իրենց ազդեցությանը տարածաշրջանում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի դերի ընդլայնումը։ Ոմանք դա դիտարկում էին պարզապես որպես եւս մեկ քայլ դեպի այդ երթուղու նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատում։ Տարածաշրջանի պատմությունը, հատկապես վերջին տարվա իրադարձությունները, ապահովում են համատեքստ այս քայլերը հասկանալու համար, ինչպես նաեւ Նախիջեւանում սահմանադրական փոփոխությունները։

Լուսանկարը` REUTERS

Այս փոփոխությունների հետեւանքները, անկասկած, առավել զգալի կլինեն Ադրբեջանի համար։ Բաքուն պաշտոնապես չի չեղարկել 1921 թվականի համաձայնագրերը, սակայն ադրբեջանական կառավարությունը կարող է նահանջել իր վերջին քայլից, եթե հանգամանքները պահանջեն։ 

 

Կարճաժամկետ հեռանկարում, սակայն, այս գործողությունը, անկասկած, կընկալվի որպես Բաքվի հայտարարություն այն մասին, որ նա շարունակելու է վարել ավելի անկախ միջազգային քաղաքականություն, որը մերժում է Ռուսաստանի՝ իրեն վերահսկելու փորձերը եւ ուրիշների գերիշխելու փորձերը։ Փաստացիորեն դա Բաքվին վերադարձնում է այն դիրքորոշմանը, որն այն զբաղեցնում էր Ադրբեջանի Առաջին Հանրապետության ժամանակ՝ Ռուսաստանում հեղափոխությունից հետո՝ ձգտելով հանդես գալ որպես առաջին կարգի անկախ տարածաշրջանային խաղացող։ 

 

Ռուսաստանը, անկասկած, կուռճացնի այս սպառնալիքը ոչ միայն Բաքվին նահանջ հարկադրելու, այլեւ Հայաստանի կառավարության՝ Ադրբեջանի հետ աճող համագործակցությունը խաթարելու համար։ Մոսկվան կարող է նաեւ ավելի լայն քայլեր ձեռնարկել Երեւանում կառավարությունը փոխելու համար, որպեսզի Հայաստանը սերտորեն չհամագործակցի Ադրբեջանի հետ։ Իրանի ներկայիս կառավարությունը նույնպես, հավանաբար, կշարունակի ամեն ինչ անել՝ ԱՄՆ մասնակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցքի հարցում տապալելու համար։

 

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին