«Թուրանի ճանապարհին» խանգարող «Հայկական սեպը» - Mediamax.am

256 դիտում

«Թուրանի ճանապարհին» խանգարող «Հայկական սեպը»


Ռուբեն Մելքոնյանը եւ Վարուժան Գեղամյանը
Ռուբեն Մելքոնյանը եւ Վարուժան Գեղամյանը

Լուսանկարը` Panorama.am

Ռուբեն Մելքոնյանը
Ռուբեն Մելքոնյանը

Լուսանկարը` Panorama.am

Վարուժան Գեղամյանը
Վարուժան Գեղամյանը

Լուսանկարը` Panorama.am


2025թ. հուլիսի 18-ին տեղի է ունեցել Ռուբեն Մելքոնյանի եւ Վարուժան Գեղամյանի հեղինակած «Թուրանի ճանապարհի Հայկական սեպը․«Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցը» գրքի շնորհանդեսը։ 

 

Գրքի համահեղինակները ներկայացնում են «Զանգեզուրի միջանցք» անունը կրող պանթյուրքական նախագծի գաղափարի ծագումը, զարգացումը, իրականացման փորձերը՝  20-րդ դարասկզբից  մինչեւ մեր օրերը։ 

 

«Թուրքական դարպասից» մինչեւ «Անիծյալ սեպ»

 

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ թուրք-ադրբեջանական այս ծրագիրը սկսվել է ավելի քան 100 տարի առաջ՝ 1914 թվականին, եւ տարբեր ժամանակներում փորձեր են արվել այն կյանքի կոչել պատերազմների, բանակցությունների, սիրաշահումների, ճնշումների միջոցով: 

 

«Այս ծրագրով փորձ է արվում ցամաքային կապ հաստատել Թուրքիայի, Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի միջեւ եւ անդին։ «Զանգեզուրի միջանցքը» այն փոքր ցամաքային հատվածն է, որը բաժանում է ամբողջ թյուրքական աշխարհը։ Սա պարզունակ լոգիստիկ խնդիր չէ, այլ գաղափարախոսություն։ Մեկ բառով  այն կոչվում է պանթյուրքիզմ։ Թուրքիան եւ Ադրբեջանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսում են տարբեր անուններով։ Հարյուր տարի առաջ դա կոչվում էր «Թուրանի ճանապարհ», Խորհրդային շրջանում՝ «Մեղրիի ճանապարհ», հիմա ստացել է «Զանգեզուրի ճանապարհ» անվանումը եւ ներկայացվում է կամ որպես 2020 թվականից հետո ստեղծված տրանսպորտային ծրագիր կամ լավագույն  դեպքում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջ եկած քաղաքական նախաձեռնություն», - ասել է Ռուբեն Մելքոնյանը:

 

Թուրքագետը նշել է, որ երբ 1920 թվականին Թուրքիան հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա, նպատակը մեկն էր՝ գրավել Հարավային Կովկասը կամ առնվազն ստեղծել միջանցքներ։ Այդ գաղափարի հեղինակն ու առաջ մղողը ժամանակակից Թուրքիայի հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալն էր։ 

Ռուբեն Մելքոնյանը Ռուբեն Մելքոնյանը

Լուսանկարը` Panorama.am

«Այսօր Ադրբեջանի համար միակ ընդունելի ճանապարհը զարմանալի «զուգադիպությամբ» համընկնում է թուրք-ադրբեջանական դեռ 1914-ից սկսված ծրագրի քարտեզին։ Առաջարկվող ճանապարհի կառուցման պարագայում Հայաստանը փաստացի զրկվելու է Իրանի հետ կապող տարածքներից, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը հնարավորություն է ունենալու իր պանթյուրքիստական գործունեությունը ծավալել նաեւ Իրանի որոշ նահանգներում»,- ընդգծում է Ռուբեն Մելքոնյանը:  

 

«Թուրքական քաղաքական խոսույթում երեք եզրույթ կա. Նախիջեւանը անվանվում է «Թյուրքական դարպաս», դրանից հետո բացվող ճանապարհը՝ «Թուրանի ճանապարհ» կամ «Զանգեզուրի միջանցք», իսկ դրանից անդին «Թուրքական աշխարհն» է։ Եվ այս նվիրական եզրույթների կողքին կա մեկ այլ՝  իրենց համար ոչ  հաճելի եզրույթ՝ «Հայկական սեպ»։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրեն այն անվանեց «Անիծյալ սեպ»»։

 

Օրակարգային դարձած հարցի ժամանակագրական պատճառները

 

Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Վարուժան Գեղամյանն ասել է, որ «գրքի գաղափարը հղանալիս առաջնորդվել ենք հետեւյալ նպատակով՝ ստեղծել գիտական աշխատանք, որը թույլ կտա հնարավորինս մանրամասն ցույց տալ «միջանցք» կոչվող հարցի էությունը՝ առաջին հերթին հենվելով գիտական աղբյուրների վրա»։ 

 

«Չկարողանալով ամբողջը վերցնել, փոքր քայլերով՝ մաս-մաս փորձում ենք իրագործել իրենց ծրագիրը։ Նախիջեւանը, Արցախը Ադրբեջանի վերահսկողության տակ են, մնացել է վերջին քայլը՝ Սյունիքը։ 

 

Գրքի երկրորդ կարեւոր եզրահանգումն այն է, որ թուրքական քաղաքական մտածողության մեջ միջանցքի ծրագիրը հեռու է պարզապես լոգիստիկ բնույթ ունենալուց, այն ռազմական նախաձեռնություն է՝ բազմաշերտ նպատակներով», - ասել է գրքի համահեղինակը: 

 

Վարուժան Գեղամյանը կանխատեսում է. 

Վարուժան Գեղամյանը Վարուժան Գեղամյանը

Լուսանկարը` Panorama.am

«Միջանցքը առաջիկայում լինելու է գլխավոր օրակարգային թեմա, այս թեմայով ճնշումը Հայաստանի ու հայության վրա մեծանալու է․շինարարական աշխատանքները, որ այս պահին արվում են Արաքս գետին հարող հովտային հատվածում (Արցախում), նախատեսված է ավարտին հասցնել 2026-ի ձմռանը։ Աշխատանքները հասնում են Հայաստանի սահմանին»։  

 

«Այս գիրքը նաեւ քաղաքական աշխարհագրության մասին է: Հնարավոր չէ լիարժեք հասկանալ միջանցքի սպառնալիքները՝ առանց դրանք համադրելու մեր տարածաշրջանի աշխարհագրական յուրահատկություններ հետ։ Պատական չէ, որ գիրքը հարուստ է քարտեզներով  (դրանք կազմվել են Անդրանիկ Հակոբյանի օգնությամբ)»,- նշել է Վարուժան Գեղամյանը ու հիշեցրել ամերիկացի լրագրող Ռոբերտ Կապլանի ձեւակերպումը՝  երբ աշխարհագրությունը արհամարհում ես,  այն պարտադիր վրեժ է լուծում։ 

 

Մեծ մասը սկզբնաղբյուրներ են

 

Գրքի խմբագիրը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանն է։ Նա ասում է, որ հեղինակները օգտագործել են բազմաթիվ աղբյուրներ, որոնց մեծ մասը սկզբնաղբյուրներ են։ Ըստ էության, օգտագործվել է խնդրի վերաբերյալ առկա գրեթե ողջ փաստագրական հիմքը, եւ գիրքը անխոցելի է առաջին հերթին ակադեմիականությամբ։ Այն կարեւոր է նաեւ իր հանրամատչելի մոտեցմամբ եւ առաջարկվող լուծումներով։ 

 

Վարդան Ոսկանյան ընդգծել է, որ միջանցքն իրականում տնտեսական բաղադրիչ չունի, հակառակ դեպքում Թուրքիան եւ Ադրբեջանը ծրագիրը կիրականացնեին Իրանի տարածքով։  

 

Նկատենք, որ շնորհանդեսին առաջին շարքում ներկա էր Հայաստանում Իրանի դեսպանը:

 

Արմինե Սարգսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին